Լեռնային Ղարաբաղ չկա, Հայաստանը պետք է հրաժար...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական "Ազգային պաշտպանություն" ամսագրին տված հարցազրույցում խոսել է խաղաղության հեռանկարների և «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի» մասին, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:
«Հեռանկարները հիմնականում կախված են հայկական կողմի դիրքորոշումից։ Մենք մեր դիրքորոշումը նշել ենք։ Մենք պատրաստ ենք սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Մենք պատրաստ ենք աշխատանքներ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի ուղղությամբ։ Այն հարկավոր է: Սակայն հայկական կողմից դեռևս դրական ազդակներ չկան։ Ցավոք, մինչ օրս բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչը միանգամայն անհեռանկարային է։
Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, ապա մեզ էլ դժվար կլինի զերծ մնալ Հայաստանի հանդեպ տարածքային պատասխան պահանջներից։ Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք նույն Զանգեզուրի և նույն Գեյչա լճի պատմական պատկանելության առումով: Բայց մենք չենք ներկայացնում նման պահանջներ։
Ինչո՞ւ է Հայաստանը, պարտված լինելով, կապիտուլյացիայի մասին ակտ ստորագրելով հանդերձ, իրեն իրավունք վերապահում խոսել Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ կարգավիճակի մասին։ Այն չկա: Լեռնային Ղարաբաղ չկա», - նշել է նա։