Լավրովը շատ մտահոգիչ հայտարարություններ է արե...

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին, Գորչակովի հիմնադրամի կազմակերպած օնլայն կլոր սեղանի ժամանակ հայտարարություններ էր արել, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա ընթացքի հետ, նշելով, որ ներկայումս բանակցային սեղանին դրված է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, ինչը առաջին հանգրվանում ենթադրում է ԼՂ որոշ շրջանների վերադարձ՝ ապաշրջափակման դիմաց։ Հարցն ինչ խոսք, առաջացրեց լուրջ մտահոգություն ներհայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում։

Politik.am-ը Լավրովի հայտարարությունների հետ կապված զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։ Հիշեցնենք, որ մեր հետ նախորդ զրույցում Արա Պապյանը կանխատեսել էր, որ առաջիկա երկու ամիսը բավականին վտանգավոր շրջան է լինելու Արցախի հարցում եւ հիմա կարծես թե կանխատեսումներն իրականանում են։ Բանախոսը նշեց, որ Մոսկվան սկսել է ավելի գործնական քայլերով ցույց տալ իր շահագրգռությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը լուծում տալ իրենց ուզած ձեւով, ինչը նույնիսկ ոչ թե Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, այլ խաղաղապահների տեղակայումը Արցախում՝ Իրանի հետ սահմանին։ Բացի այդ, ըստ բանախոսի, Լավրովը բացահայտեց, որ անցյալ տարի ապրիլից բաժանվել է նախագիծ, որը նախատեսում է լուծում Մադրիդյան եւ Կազանյան սկզբունքներով, իսկ դա արդեն գիտենք թե ինչ է նշանակում կոնկրետ՝ խաղաղապահ զորքերի տեղակայում եւ այլն։

Հիմք ընդունելով Հանրապետությունում շատ ոլորտներում տիրող վիճակը, իսկ դրա լավագույն ապացույցը քաղավիացիայի ոլորտում սկանդալն էր, մեր բանախոսը նկատեց, որ հակված չէ կարծելու, թե վարչապետ Փաշինյանը ստել է կամ կեղծել է, երբ հայտարարել է, որ բանակցային սեղանին չկա դրված որեւէ փաստաթուղթ։ Ավելի հակված է մտածելու, որ պարզապես հալած յուղի տեղ է ընդունում այն, ինչ իրեն ասում են ոլորտային պատասխանատուները։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե բանակցություններ կան, թե չկան։ Էս ամբողջը բառախաղ է։ Կարելի է օրինակ ասել, որ հա դա բանակցություն չէ, ինչ որ հանդիպում է եւ այլն եւ այլն, սակայն եկեք բառերը դնենք մի կողմ եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Կողմերը հանդիպում են, եւ քննարկում են ունենում սկզբունքների մասին, թե ոնց պիտի լուծվի»,- նկատում է Արա Պապյանը, հավելելով, որ հայկական կողմը չի հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից եւ չի հրաժարվել Կազանյան փաստաթղթից, ինչը պնդում է Լավրովը եւ դրա հիման վրա էլ այդ նախագիծն է կազմվել ու բաժանվել։ Անդրադառնալով այն հարցին, որ հայկական կողմն ասաց այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բերանով, որ հայկական կողմը զիջումների չի գնա, եթե հակառակ կողմը զիջումների չգնա, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը նկատեց, որ զիջումների չգնալը, որպես հասկացություն վերացական է, քանի որ կարող են օրինակ ասել, որ խաղաղապահ զորքերը մտցվում են այդ տարածքներ, եւ անվտանգության մի տեսակը՝ տարածքները, փոխարինվում են մեկ այլ տեսակով՝ խաղաղապահներով։ Այսինքն կարելի է նույնիսկ ներկայացնել դա որպես փոխզիջում եւ ոչ թե զիջում, որակելով այն որպես համարժեք փոխանակում։

«Բացի բառային ձեւակերպումներից կա նաեւ հարցերի խորքային էությունը, քանի որ պետք է հասկանալի լինի, թե արդյոք, եթե մենք տարածքներ ենք հանձնում եւ այդտեղ խաղաղապահներ են տեղակայվում, դա համարժեք է, թե ոչ։ Իմ կարծիքով դա համարժեք չի»,- նշեց փորձագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Զոհրաբ Մնացականյանի պատասխանը բավարարող է, երբ կարելի էր նկատել, որ նա կարծես թե սլաքներն ուղղում է դեպի Ստեփանակերտ, Politik.am-ի զրուցակից Արա Պապյանը ասաց, որ ըստ էության բացահայտվեց, թե ինչու Երեւանը նույնիսկ չէր ուզում Արցախի կողմին առաջարկ անել հետաձգել ընտրությունները․«Երեւանն ուզում է պատասխանատվությունը դնի Արցախի վրա եւ խնդիրը ներկայացնի զուտ որպես Արցախի ժողովրդի հարց, ինչը շատ վտանգավոր է, քանի որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը բնական է, որ ի վիճակի չի լինի միայնակ դիմակայելու այդ ճնշմանը ։ Եվ բացի այդ, իրենք միայն իրենց ճակատագիրը չեն որոշելու, այլ որոշելու են նաեւ Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի ճակատագիրը նույնպես։ Այսինքն թե՝ Արցախն ինչ ապագա կունենա, դրանով որոշվելու է նաեւ, թե ինչ ապագա կունենա Հայաստանը, լինի դա անվտանգություն, տնտեսական զարգացում եւ այլն։ Եւ ի վերջո, մեր ժողովուրդը, որքան էլ բոլոր իշխանությունները, փորձեն Արցախը որպես առանձին միավոր դիտարկել, երբեւէ Արցախը չի դիտարկել որպես առանձին միավոր եւ միշտ մեկ միասնականության մեջ է դիտարկել, այլապես ինչու՞ պետք է համաձայնվեինք, որ մեր զավակները գնային Արցախի սահմանները պահելու կամ ինչու՞ պետք է համաձայնեինք միլիոնավոր դոլարներ ծախսել մեր բյուջեից Արցախի վրա»,-ասաց դիվանագետը։

«Կարող եմ ասել, որ Լավրովը շատ մտահոգիչ հայտարարություններ է արել։ Մեր երեւանյան կողմը փորձում է դա փարատել, մասնակի ինչ որ բաներ ասվեցին իհարկե, սակայն մեծ հաշվով մտահոգությունը մնաց եւ չփարատվեց եւ մնում է, քանի որ որպես փարատման հիմք ներկայացվում է, որ Արցախը ոնց որոշի այդպես էլ կլինի»,- նշեց Արա Պապյանը։

Այս համատեքստում, ըստ բանախոսի, շատ կարեւոր է, որպեսզի հայաստանյան քաղաքական դաշտում բոլոր նրանք, ովքեր քաղաքական գործիչի, վերլուծաբանի, քաղաքագետի, փորձագետի համարում ունեն, ինչպես նաեւ բոլոր քաղաքական ուժերը, կուսակցությունները չլռեն ու տեսակետ արտահայտեն, պետք է տեսակետ ձեւավորվի եւ ասվի․«Բացի այդ, ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն ռուսական տարբերակով խնդիրը լուծել, որովհետեւ նման լուծում ցանկացած իշխանության համար դա կլինի կործանում, քանի որ նման քայլի գնալուց հետո իշխանությունը կկորցնի իր լեգիտիմությունը,- ասաց մեր զրուցակիցը, ընդգծելով,- Արցախի հարցը թիվ մեկ հարցն է Հայ ժողովրդի համար, որովհետեւ էստեղ եւ ապագայի խնդիր կա եւ անցյալի, ի վերջո երեսուն տարի ժողովուրդը տառապել է այս հարցի համար եւ Արցախի հաղթանակը մեր միակ հաղթանակն է, երբ կարողացանք ազատագրել մեր հայրենիքի մի փոքրիկ հատվածը»։ Հետեւաբար, ըստ բանախոսի ամփոփման, չի կարող լինել այնպես, որ այդ հաղթանակը իշխանությունները տան ըստ էության ոչնչի դիմաց, ամփոփեց բանախոսը նկատելով, որ եռանախագահության մյուս երկու անդամների տեսակետներն էլ դեռ չգիտենք եւ բացի այդ, կան նաեւ Իրանն ու Չինաստանն օրինակ, եւ եթե Իրանի սահմանին ռուսական զորք է տեղակայվելու, արդյո՞ք Թեհրանը կհանդուրժի դա, որքան էլ հիմա ռուս-իրանական հարաբերությունները լավ են»,-եզրափակեց իր խոսքը Արա Պապյանը։