Լավրովը Պուտինի մասին Բայդենի վերջին հայտարար...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վրդովեցուցիչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս արած հայտարարությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հասցեին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ ABC հեռուստաալիքին Բայդենի տված հարցազրույցում հնչած ձեւակերպումները, «վրդովեցուցիչ, աննախադեպ հռետորաբանություն են»: «Բայց հռետորաբանության ետեւում միշտ պետք է տեսնել իրական գործեր, իսկ դրանք սկսվել են այս հարցազրույցից շատ առաջ, դեռեւս Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Դրանք շարունակվել են Դոնալդ Թրամփի օրոք, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ 45-րդ նախագահը հրապարակավ բարձրաձայնում էր Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, որին նա պատրաստ է «դիմանալ», բայց «իրեն թույլ չեն տվել»: Նկատի ունեմ ռազմաքաղաքական եւ ռազմավարական ոլորտներում ամբողջ զսպող ենթակառուցվածքի հետեւողական ոչնչացումը»,- ասել է Լավրովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «դիվանագիտորեն ու քաղաքավարի» է արձագանքել Բայդենի հայտարարություններին: «Ցավոք, ուղիղ եթերում խոսելու եւ ռուսերեն ու անգլերեն այբուբենի բոլոր տարբեր տառերի վրա կետերը դնելու առաջարկին պատասխան չհետեւեց»,- հավելել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայդենը, պատասխանելով համապատասխան հարցին, ասել էր, որ Պուտինին «մարդասպան» է համարում: Նա նաեւ խոստացել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխանատվություն կկրի» ամերիկյան ընտրություններին «միջամտելու» համար: Արձագանքելով այդ խոսքերին՝ Պուտինը առաջին հերթին նրան մաղթել էր առողջություն՝ նշելով, որ այլ մարդկանց գնահատելը նույնն է, ինչ հայելու մեջ նայելը։