Լավրովը խորհրդավոր հայտարարություններ է արել...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բավական ուշագրավ հայտարարություններ անելով։ Մասնավորապես, Լավրովի հայտարարություններից կարելի է հասկանալ, որ առաջին անգամ վերջին 18 տարիների ընթացքում Երեւանի եւ Բաքվի միջեւ, որպես հակամարտող կողմեր կա մշակված որոշակի փաստաթուղթ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին։

Ամենայն հավանականությամբ այն աշխատանքային տարբերակ է, կամ բանակցությունների հետագա շարունակման բազա։ Լավրովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է գրված այդ փաստաթղթում, սակայն ակնարկել է, որ այն լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին, այսինքն թե փաստաթղթում հաշվի են առնված բոլոր հիմնական հարցերը՝ եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ուժի կիրառման բացառում եւ այլք։

Լավրովն իր խոսքում նշել է, որ այդ փաստաթղթում կամ աշխատանքային փաթեթում առկա է հակամարտության հանգուցալուծումը, եւ առկա են այն կոնկրետ պարամետրերը, որոնք կարող են բերել հանգուցալուծման եւ որոնք դեռ պետք է համաձայնեցվեն։ Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մյուս հայտարարությունները, որոնք արվել են Լավրովի կամ համանախագահների կամ հանախագահ երկրների մայրաքաղաքներից, կարելի է նշել, որ խոսքը այն փաստաթղթի կամ փաթեթի մասին է, որի վրա կողմերը աշխատում են սկսած անցյալ տարվա գարնանից, այսինքն՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան հայտնի հանդիպումից հետո։

Հետաքրքրական եւ բազմանշանակ էր նաեւ Լավրովի այն հայտարարությունը, որ այդ փաստաթուղթը կամ փաթեթը այնպես է կազմված, որ այնտեղ առկա է արդարացիություն եւ հայկական կողմի համար, եւ ադրբեջանական։ Լավրովը նաեւ հպանցիկ անդրադարձել է նաեւ բանակցային ֆորմատի հետ կապված խնդիրներին, հասկացնելով, որ նախ անթույլատրելի է ֆորմատի փոփոխությունը եւ հետո, սխալ են այսպես կոչված «նոր մաքուր էջից սկսելու» կամ «պլան Բ» գործարկելու մասին խոսակցությունները եւ մինչ այժմ կուտակված աշխատանքի արդյունքը պետք է օգտագործվի եւ պետք է առաջ գնալ այն հաշվի առնելով։