Կորոնավիրուսը օգնության է հասնում Փաշինյանին

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ամենօրյա ռեժիմով է գանգատվում, որ հնարավոր չէ նվազեցնել կորոնավիրուսային վիճակագրության թվերը եւ պետք է անցնել ավելի կոշտ միջոցների։

Դժվար է ասել, թե կոշտ միջոցներ ասելով ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, կամ թե այդ միջոցները օգուտ կտան թե ոչ, եթե ցանկացած միջոց անլրջացնում են հենց իրենք՝ իշխանության ղեկին եղածները, սակայն պարզ է մի բան, որ համավարակն այս պահին, որքան էլ կարող է պարադոքսալ հնչի, ձեռնտու է հենց իշխանություններին։

Բանն այն է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո, 2019-ին, երբ այսպես ասած «պաթետիկ ոգեւորությունը» արդեն նստել էր, եւ գործ անելու ժամանակն էր, պարզ դարձավ, որ կառավարության համար այդպես էլ անհաս երազ մնացին ներգաղթն ու ներդրումային բումը, տնտեսական հեղափոխությունն ու շարքային հայաստանցու լավ ապրելը։ Սա իր հերթին նշանակեց, որ կառավարությունը բացի ասֆալտապատման աշխատանքներից, որոնց մի մասն էլ բավական խնդրահարույց արդյունքներով, մնացած ոլորտներում տապալվել է։ Սակայն այդ տապալումը անհնար է բառացիորեն, որ Փաշինյանը խոստովանի եւ ընդունի իր մեղքը։ Նրա համար ամենքը եւ ամեն ինչ մեղավոր են, բացի իրենից։ Համավարակն այսպիսով, դարձավ այն լավագույն գործիքը, որն օգտագործելով հնարավոր կլինի համոզել ժողովրդին, որ իրենք չեն եղել մեղավորը տապալման։

Ըստ էության կարելի է այսօր արդեն ֆիքսել, որ Փաշինյանը քաղաքականացրել է նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիան ու իր սիրած տերմինաբանությամբ, այն դարձրել իր երազանքների քաղաքական բացիլը, որը կօգնի իրենց «ինչպես մուկ ու ձուկ՝ պլստալ պատասխանատվությունից» եւ բացի այդ, արդեն նկատվող դժգոհության հասունացման հնարավոր պոռթկման հեռանկարի ֆոնին, օրինական հիմք գտնել՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելով զսպել այդ դժգոհությունն ու հուզումները։

Իհարկե, անվերջ ձգել հնարավոր չի լինի, սակայն ինչքան հնարավոր է, դեռ կշարունակեն դա անել, որպեսզի զարգվածային բողոքի ցույցերի հնարավորություն չտան ընդդիմադիրներին, ինչը կարող է լինել կայծ ու բռնկել շատ ավելի մեծ հրդեհ, քան 18 թվականինն էր, որը էլի մեծ հաշվով գեներացված դժգոհության բռնկումն էր։ Հայաստանի արտակարգ դրությունն ի դեպ, ամենից տպավորիչն է, քանի որ արդեն դարձել է սոսկ ֆորմալ վիճակ եւ գործիք, մարդկանցից 10-20 հազարական դրամ տուգանելու միջոցով կլպելու։