Խիստ մտահգությամբ հետևում ենք Ուկրաինայի շուր...

Եվրոպական Միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ուկրաինայի կառավարությանը, հաղորդում է The Guardian պարբերականը։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական զորքերի տեղաշարժերի կապակցությամբ։

«Խիստ մտահգությամբ հետևում ենք Ուկրաինայի շուրջ ռուսական ռազմական ակտիվությանը։ ԵՄ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – գրել է Բորելն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցից հետո։

Բորելը հավելել է, որ այս թեման լրացուցիչ կքննարկվի Ուկրաինայի արտգործնախարարի և Եվրամիության արտգործնախարարների հետ ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է իր հյուսիսային և արևելյան սահմաններին, ինչպես նաև Ղրիմում հազարավոր զինվորականների տեղակայելու համար։ Կրեմլը չի հերքել զորքերի տեղաշարժը և հավաստիացրել է, որ Մոսկվան ոչ ոքի չի սպառնում։

Ռուսական զորքերի տեղաշարժը տեղի է ունենում Դոնբասում Ուկրաինայի ուժերի և ռուսական աջակցությունը վայելող անջատողականների միջև բախումների աճի ֆոնին։

The Guardian-ը հավելում է, որ ըստ ՄԱԿ-ի՝ հակամարտությունը 2014 թ.-ից ի վեր 13 հազարից ավելի կյանք է խլել։

Արևմտյան ղեկավարները, այդ թվում՝ Ջո Բայդենը, իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային։