Կապսի ջրամբարը կկառուցվի, իսկ Ջրաձոր համայնքը...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կառավարության այսօրվա նիստին զեկուցեց Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու հարցը: Նախարարի տեղակալը հստակեցրեց՝ խոսքը Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի հաստատման մասին է: Այս մասին հայտնում է 1lurer.am լրատվականը։

«Խոսքը Շիրակի մարզում՝ Գյումրիից հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում 1985 թվականից դեռևս  նախատեսված Կապսի ջրամբարի մասին է, որի նպատակը 30 հազար հեկտար հողերի ոռոգման ապահովումն էր: 1988 թվականի երկրաշարժը և դեպքերի հետագա զարգացումները բերեցին նրան, որ այդ շինարարությունը 1993 թվականին կասեցվեց, ինչի արդյունքում ունենք քիչ չափով կառուցված պատվար, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը: Եվ իրավիճակ, որ Ջրաձոր համայնքում ոչինչ չի արվել՝ ակնկալելով, որ ջրամբարն  այնուամենայնիվ հետագայում պիտի կառուցվի»,- նշեց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ 2014 թ. ՀՀ Կառավարության և գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է շուրջ 60 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր ծրագրի իրականացման համար:

Տերտերյանի խոսքով՝ ջրամբարի կիսատ վիճակը վտանգ է ներկայացնում, քանի որ կիսակառույց է, երկար տարիներ չի շահագործվել և պետք է գործընթացը շարունակել:

«Առաջին փուլով նախատեսվում է Կապսի ջրամբարի շինարարություն՝ 25 միլիոն խմ տարողությամբ: Երկրորդ փուլը՝ մինչև 60 մլն խմ ջրատարողությամբ ջրամբարի կառուցում: Երկրորդ փուլում մենք ոչ միայն կունենանք ավելի մեծ ջրատարողությամբ ջրամբար, այլև միավոր ծախսերը՝ այսինքն՝ 1 խմ-ին բաժին ընկնող ծախսերը էապես նվազում են: Հետևաբար՝ մենք առաջին փուլին զուգահեռ պիտի մտածենք ու անմիջական շարունակական դարձնենք նախագիծը՝ մինչև 60 միլիոն խմ դարձնելը»,-նշեց Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ պետք է անմիջապես լուծել Ջրաձոր համայնքի բնակիչների վերաբնակեցման հարցը: Ուսումնասիրել են՝ 70 և ավելի տնտեսություն՝ շուրջ 352 մարդ ամբողջությամբ կարելի կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի ջրամբարի հայելու հարևանությամբ:

«Մի դեպքում՝ բնակիչներին անհատական լուծումներ ապահովելու դեպքում, գնահատականը եղել է 3.2 մլրդ: Մյուս դեպքում՝ գյուղի անմիջական վերաբնակեցման մասով ունենք 4.9 մլրդ դրամի գնահատական: Բնակչության հետ քննարկումներն ու հանդիպումները բերում են նրան, որ բնակիչները հակված են ամբողջական, գյուղական միջավայրի ու հանրույթի պահպանմանը»,- նշեց Տերտերյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է նշել, որ ջրամբարի կառուցմամբ հնարավորություն է ստեղծվում մասնավոր ներդրումների համար: Մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների արտադրման մասով: Նաև երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից նոր բնակավայր է ստեղծվելու, գյուղ է կառուցվելու:

«Ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի և նրա բնակիչների համար, այլև կարևոր է մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի մասին կոնկրետացնելու առումով: Եվ քաղաքաշինական այն մեծ պրոբլեմները, որ ունենք, այստեղ կարող ենք որոշակի լուծումներ տալ, որ այն զարգանա քաղաքաշինական զարգացման կանոնների համաձայն և լինի մոդելային»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ Վեդու ջրամբարի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին: Պետք է ջրամբարաշինության հետագա անելիքներն էլ ավելի կոնկրետացնել, քանի որ ջուրը գնալով դառնում է ավելի ու ավելի կարևոր ռեսուրս, իսկ Հայաստանում տարեկան ձևավորվող 7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից մենք կարողանում ենք դեռևս կառավարել չնչին՝ 10-15 տոկոսը միայն: