Իսկ ինչու դա տեղի ունեցավ հենց հիմա. Մինսկի խ...

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում բավական հետաքրքիր հայտարարություն է արել, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հետ կապված։ Հասկանալի է, որ ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետին Ղարաբաղյան թեմայով խոսելու համար առիթը ծառայել էր հուլիսյան սրացումը հայ-ադրբեջանական սահմանին։ Հոգլանդի համար, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, հիմնական հարցը, հայ-ադրեբջանական սահմանային սրացման առնչությամբ, ձեւակերպվում է այսպես՝ «Իսկ ինչու դա տեղի ունեցավ հենց հիմա»։

Ինչ խոսք հարցը տեղին է, եւ մի փոքր առեղծվածային։ Ինտրիգային է նաեւ այն, թե ինչու սրացումը եղավ ոչ թե հակամարտության գոտում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։ Իհարկե, ուշագրավ էր նաեւ այն, որ միջազգային հանրությունն ու փորձագետները կարելի է ասել, ուշադրության սեւեռակետում պահեցին այդ սրացումը, թեեւ այն առանձնապես մեծ մասշտաբայնության չէր եւ օրինակ չէր համեմատվի 2016-ի ապրիլյան քառօրյա սրացման հետ։

OSW-ի վերլուծաբանները կարծում են, որ ներկա փուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումները դժվար թե վերաճեն լայնածավալ գործողությունների, սակայն դիրքային բախումները կշարունակվեն»։ Այժմ փորձագիտական հանրույթի համար կարեւոր է նաեւ ունենալ հստակ պատկերը հուլիսյան սրացման, եւ հատկապես այն, թե ով է արձակել առաջին կրակոցը, որից հետո սկսվել են բախումները։ Դա այս պահին անելը հնարավոր չէ։ Հոգլանդը դա փաստում է, հղում տալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ ունեցած զրույցին, որտեղ Անջեյ Կասպրշիկն ասել է, որ Մինսկի խումբը այժմ չի կարող իրականացնել մոնիթորինգային-դիտարկիչ առաքելություն լարվածության գետում, թեեւ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի լարվածությունը նվազի եւ վերականգնվի ստատուս քվոն։ Հոգլանդը տարակուսանք է հայտնում, որ ՄԽ-ն չի կարողանա լուծել հարցը։

Սա ասում է մի մարդ, ով եղել է համանախագահ ԱՄՆ կողմից այս ֆորմատում եւ հիանալի ծանոթ է Ղարաբաղյան կարգավորման ՄԽ թղթածրարենրին, գիտի բազմաթիվ նախագծեր, որոնք մինչ այժմ առաջարկվել են որպես տարբերակներ հակամարտության կարգավորման համար կողմերին, եւ որոնք մերժվել են։ Ի դեպ, Հոգլանդն այն մարդն է, ով ողջունել է Փաշինյան-Ալիեւ ոտքի վրա «երկխոսությունը» եւ անցումը «փոքրիկ քայլերով առաջ ընթանալու» թեզը, որի կյանքի կոչումը կարող էր որոշակիորեն վստահության մթնոլորտ եւ հիմք ձեւավորել կառուցողական երկխոսության համար։

Չափազանց ուշագրավ է հակամարտության կարգավորման այն տեսլականը, որը ներկայացնում է Հոգլանդը։ Նա Ղարաբաղյան կարգավորումը տեսնում է հարցի՝ անմիջականորեն ՄԱԿ հսկողության տակ վերցնումը եւ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ պրոտեկտորատի հաստատումը անորոշ ժամանակով։ Դրանից հետո, արդեն ժամանակ անց, երբ երկու կողմերում էլ էմոցիաները կսառեն, կողմերը կկարողանան իրենց ցանկությունները հայտնել ապագայի հետ կապված՝ ՄԱԿ ղեկավարության ներքո։ Հարցը կարելի է ասել նոր բան չէ։ Այն քննարկվել է նաեւ Ապրիլյան քառօրյայից հետո։ Այն ժամանակ, նույնիսկ սցենարներ էին քննարկվում, թե ինչպես է պահելու իրեն ԵԱՀԿ ՄԽ-ն, եթե կողմերից մեկը պարզապես հրաժարվի միջնորդական ծառայություններից եւ դուրս գա բանակցություններից։

Ի դեպ, դա սպառնում էր անել Ադրբեջանը։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները այդ դեպքի համար մշակել էին սցենար, ըստ որի, ՄԱԿ ԱԽ-ն բանաձեւ էր ընդունելու Լեռնային Ղարաբաղում պրոտեկտորային կառավարում իրականացնելու համար։ Բաքուն վտանգ զգաց եւ թեեւ մշտապես խոչընդոտող գործոն է հանդիսանում ՄԽ աշխատանքների համար, սակայն չափազանց հեռու չգնաց եւ այն օրերին եւ հիմա։ Զարմանալի է, թե ինչու Հոգլանդը կրկին այս հարցն է առաջ քաշում, հատկապես ռեգիոնալ քաղաքական եւ գեոպոլիտիկ ներկա բարդ ու բազմաշերտ իրադրության պայմաններում փորձում է կրկին Ղարաբաղը տանել ՄԱԿ պրոտեկտորատի կառավարման թեզի ներքո։