Իշխանություններին էլ են դատելու նույն դատավոր...

«Հայրենիք» կուսակցության անդամ, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանում քննվելու է իր հայցը՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ հայտարարություն տարածելու պահանջի մասին։ Պետրոսյանը գործընթացը խիստ արդիական է համարել՝ ինչպես դատական իշխանությունում, այնպես էլ երկրում տիրող իրավիճակի համատեքստում։

 «Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարանում քննվելու է իմ հայցն ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ ԲԴԽ անդամ /ներկայումս արդեն ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար/ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դադարելու վերաբերյալ հայտարարություն տարածելու պահանջի մասին:

Խիստ արդիական գործընթաց, քանի որ դատական իշխանությունում ներկայումս տիրող իրավիճակը ուղղակի արտացոլումն է երկրի վիճակի: Մարող անկախություն, խամրող արդարադատություն...

Արդյոք ժամանա՞կն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ինչ տվեց այն երկրին ու ժողովրդին: Իհարկե, ոչ: Ժողովուրդը շփոթված էր պատերազմի պարտությունից, որդիների կորստից և պատրաստ չէր ընդունելու դրանում իր սխալ ընտրության մեղքի բաժինը:

Արդյյունքում պատերազմում պարտված, երկիրը քաոսի վերածած իշխանությունը լեգիտիմացվեց, ինչը պահելն արդեն անհնար էր առանց վերահսկելի դատական իշխանության: Չէ՞ որ դա միակ բաստիոնն էր, որը դուրս էր մնացել կապիտուլյանտի ազդեցությունից:

 Հնարավոր էր փրկել և թույլ չտալ դատական իշխանության երերումը:

Այո, եթե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրականացներ «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետով իր վրա դրված պարտականությունը և հայտարարություն տարածեր տարիքը լրանալու կապակցությամբ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ: Այն անդամի, որ դատական իշխանություն էր եկել հատուկ առաքելությամբ և, օգտվելով իրեն ուղղորդած իշխանության վերարտադրությունից, փորձում է ապահովել դրա վերահսկողությունը դատականի նկատմամբ: Չի ստացվելու...

Հ.Գ Իսկ ներկայիս քաղաքական իշխանության ներկայացուցիչները տվյալ փաստից ու իրողությունից պետք է, որ շատ չոգևորվեն: Իրենց էլ են դատելու նույն դատավորները, ում անկախությունը այսօր փորձում են վերահսկելի դարձնել: Բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել: Ամեն ինչ առջևում է ....», - գրել է Կարինե Պետրոսյանը։