Իրենց Քայլի յուրաքանչյուր պատգամավոր կրում է...

Եթե Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ են ընթացել (իսկ ես դրանում վստահ եմ ու գիտեի դրանց մասին մինչև այդ հրապարակումն), ապա պետք է որոշ հստակություն մտցնել Իրենց Քայլի պատգավորների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այս պահից սկսած իրենցքայլականներն արդեն տեղակացված են գաղտնի բանակցությունների ու դրանց օրակարգի մասին և պետք է հասկանան, որ այս պահից սկսած իրենք, որպես քաղաքական թիմ և Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրողներ, ևս պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար՝ ինչպես այդ բանակցությունների օրակարգի իրականացման, այնպես էլ դրանից հրաժարվելու հետևանքով առաջացած զարգացումների համար (հրաժարվելը ու դրա հետևանքները նույնպես այդ բանակցությունների արդյունքներն են):

Իրենց Քայլի յուրաքանչյուր պատգամավոր կրում է այս իրավիճակի քաղաքական ու անհատական պատասխանատվությունը»,- գրել է նա:

Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az-ը տեղեկություն էր հրապարակել, թե 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին`առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ, և այդ ընթացքում թողել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատյանն, ըստ աղբյուրի, նշել է, որ ներկայացնում է Փաշինյանին, որը հետաքրքրված է բանակցությունների նոր ձևաչափով, Հայաստանի նոր կառավարությունն էլ իբրև պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը:

Սրանից հետո վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկատվությունը, թե Նիկոլ Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ: