Իրաքում հաստատվող հանդարտությունը դրական կազդ...

 Ինչպես հայտնի է, Իրաքում ավարտվեց ներքաղաքական ճգնաժամը եւ նոր վարչապետ Մուստաֆա ալ-Քյազեմին կարողացավ ձեւավորել կառավարություն։ Սա ինչ խոսք արյունաքամ Իրաքի համար վերջին շրջանում ամենից սպասված դրական լուրը կարելի է համարել։ Սակայն վերլուծաբանների ուշադրությունը գրավել է ոչ այնքան ներիրաքյան քաղաքական ճգնաժամի ավարտը, որքան նոր վարչապետ Մուստաֆա ալ-Քյազեմիի անձը։

Պարզվում է, որ վերջինս կարողացել է ստանալ Իրաքի արտաքին քաղաքական երկու կարեւորագույն գործընկերների՝ ԱՄՆ եւ Իրանի հավանությունը միաժամանակ, ինչը կարելի է համարել իր տեսակի մեջ աննախադեպ իրողություն։ Ինչպես է նոր վարչապետը կարողացել հասնել դրան եւ ինչ դիվանագիտական հմտություն է բանեցրել նման մանեւրում անել կարողանալու համար։ Բանն այն է, որ ալ-Քյազեմին ժամանակին ապրել է եւ Իրանում եւ Անգլիայում եւ ըստ էության կարողացել է բարի հարաբերություններ մշակել եւ իրանական վերնախավի եւ արեւմտյան որոշ շրջանակների հետ։ Բացի այդ, ալ-Քյազեմին երբեք ներիրաքյան քաղաքական կյանքում խաղացող կուսակցությունների հետ կապ չի ունեցել, սակայն սերտորեն կապված է հատուկ ծառայությունների, հետախուզության հետ։ Իրանում ալ-Քյազեմին հատկապես սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։

Իրաքում գործակալական ցանց ստեղծելու ընթացքում նրան հաջողվում է դրական հարաբերություններ ստեղծել իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի եւ Իրաքյան Քուրդիստանի հատուկ ծառայությունների եւ լիբանանյան «Հըզբոլլահի» հետ։ Հասկանալի է, որ նման ֆիգուրը չէր կարող աննկատ մնալ արեւմտյան հատուկ ծառայությունների տեսադաշտից։ Իրաքի Ազգային հետախուզական ծառայության (INIS) երբեմնի ղեկավարը երբ նշանակվեց այդ պաշտոնին, բոլորը սկսեցին խոսել, որ այդ կերպ Իրանը ապահովում է իր գերակա դիրքերն Իրաքի ուժային բլոկում։

Որքան էլ զարմանալի է, ալ-Քյազեմիին այդ պաշտոնում աջակցեց նաեւ Միացյալ Նահանգները, հույս ունենալով, որ կկարողանան նավարկել եւ խաղալ իրաքյան շիա մահմեդական համայնքի վերնախավում առկա հակասությունների վրա։ Ամեն դեպքում, պարզ էր, որ եղածների մեջ ալ-Քյազեմին այսպես ասած՝ ամենամաքուրն էր, ով երբեք պետական միջոցների դեմ ոտնձգությունների, կոռուպցիոն կապերի մասով պատմությունների մեջ չի հայտնվել։

Բավական ուշագրավ է նաեւ այն, որ որպես վարչապետ, ալ-Քյազեմին առաջինն ընդունում է ԱՄՆ եւ Իրանի դեսպաններին, եւ հայտարարում, որ Իրաքը երբեք չի հանդիսանա այլոց վեճերի կարգավորման թատերաբեմ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել արդեն նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ինչը նույնպես բավական նշանակալի իրադարձություն կարելի է համարել իր վարչապետական գործունեությունը նոր սկսող ալ-Քյազեմիի համար։

Այս ամենը հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ եւ Իրանը եւ ԱՄՆ-ն որոշել են Իրաքում պատերազմական առճակատումից հրաժարվել, ինչը ընդհանուր Մերձավոր-Արեւելյան տարածաշրջանի համար կարեւոր նվաճում է, ինչպես նկատում է Foreign Policy-ն։