Իրանը, իրականում Հայաստանից զգուշանալու բան չ...

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի Անկախության տոնից միայն մի քանի օր անց շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը։

Սա բնականաբար չէր կարող չնկատվել հայաստանյան հանրության, մեդիայի եւ փորձագիտական հանրույթի կողմից։ Հնչեցին կարծիքներ, որ առկա են խնդիրներ հայ-իրանական հարաբերություններում։ Հայաստանի ԱԳ նախարարությունն էլ փորձեց հանգստացնել, թե եղել են տարիներ, երբ Երեւանին հասցեագրված սեպտեմբերքսանմեկյան շնորհավորանքը Թեհրանից հնչել է ամիսներ անց։ Սակայն չմանրամասնվեց, թե կոնկրետ որ տարիներին է դա եղել։ Իսկ այն, որ հայ-իրանական հարաբերություններում կան խնդիրներ, ակնհայտ է դառնում թեկուզ Իրանի՝ Հայաստանի հանդեպ իր քաղաքական գծից, օրինակ՝ նույն Հասան Ռոհանիի՝ Հայաստանի ղեկավարության հետ ունեցած գրագրությունից, կամ՝ իրանական եւ հայկական պետությունների ղեկավարների՝ շփումներից հետո հրապարակված հաղորդագրությունների տարամիտությունից, տոնայնությունից, տեքստերի անալիզից ու այսպես շարունակ։

Իրանը, իրականում Հայաստանից զգուշանալու բան չունի, բայց Հայաստանի նոր իշխանություններից՝ Փաշինյանից եւ իր թիմից զգուշանալու բան ունի, եթե միայն հաշվի առնենք, որ Հայաստանի գործող իշխանությունները ընկալվում են որպես արեւմտամետներ, կամ գոնե՝ իրենց շարքերում մեծ թվով արեւմտամետներ ունեցողներ։

Իսկ սա արդեն Իրանի համար բավարար հիմք է զգուշավորության համար, հաշվի առնելով Իրան-Արեւմուտք հարաբերությունների մռայլ երանգները։ Հայաստանի ԱԳՆ-ն, այս դեպքում շատ ավելի լավ կաներ ասեր, թե կոնկրետ երբ է Իրանը Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել ամիսներ անց։ Եթե խոսքը իննսունականների այն շրջանի մասին է, երբ իրանցի դիվանագետների ընտանիքներին տեղափոխող օդանավը խոցվեց հայկական ուժերի կողմից, եւ բացվեց մեծ սկանդալ, ապա հասկանալի է Թեհրանի պահվածքը։ Սակայն նաեւ, չպետք է մոռանան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, որ վեցհազարամյա պետականության պատմություն ունեցող Իրանը ունեցավ այնքան իմաստնություն եւ խոհեմություն, որպեսզի այդ մի միջադեպով, առանց այն էլ վատ վիճակի մեջ գտնվող Հայաստանի «շնչառության վերջին օդերը չփակի» եւ կարողացավ հաղթահարել այդ կնճռոտ դրվագը։

Կարելի է աբստրակտ բաների հետ կապված օդ տատանել եւ դա անվանել խոսք, պատասխան, սակայն այժմ ապրում ենք կոնկրետիկայի եւ առարկայականության դարում, մի բան, որ հայկական ԱԳՆ-ում կարծես հազվադեպ են հիշում։