Իրանը ի՞նչ է հասկացնում Փաշինյանի իշխանության...

Թեեւ իշխանությունները փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ արտաքին հարաբերություններում գերազանց է, կամ գոնե լավ, սակայն փաստերը խոսում են այլ բանի մասին։

Երբ օրեր առաջ Իրանում ՀՀ դեսպանատան դիմաց ակցիաներ եղան, որոնք ուղղակիորեն կապված էին այն բանի հետ, որ Հայաստանը որոշել է Իսրայելում դեսպանատուն բացել, իսկ Իսրայելը Իրանի ոխերիմ թշնամին է, շատերը, ովքեր իշխանական թեում էին, հայտարարեցին, որ եղածը մեծ բան չէ եւ չպետք է մտահոգվել։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ որոտընդոստ հայտարարությամբ հանդես եկավ մոտավորապես այն բովանդակությամբ, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են իրենց բնականոն հունով, Հայաստանը պետք է հետապնդի իր շահերը մինչեւ վերջ, եւ երբեք Երեւանը հարաբերություններ չի կառուցում այլոց հետ հարաբերությունների հաշվին։

Թե որքանով են Թեհրանում հավատացել Փաշինյանի կաբինետի անկեղծությանը, դժվար է ասել, սակայն այն, որ Բաքվում Իրանի դեսպանը հանդիպել է այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի պառլամենտի պատգամավոր, ԵԵԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիեւի հետ, արդեն շատ բանի մասին է խոսում։

Վեց հազարամյա պետականության պատմություն եւ վեց հազարամյա դիվանագիտության փորձառություն կուտակած Իրանը, անշուշտ ուղիղ ոչինչ չի ասի Փաշինյանի կաբինետին, հայտնի այն ասացվածքին հավատարիմ մնալով թերեւս, որ «թամամ խոսքը էշին կասեն», սակայն սիմվոլների եւ մեսիջների լեզվով ասվածը, կամ եթե կուզեք՝ Երեւանի կողմից Թել-Ավիվում դեսպանատուն բացելու որոշման դեմարշ քայլը չափազանց խոսուն է, եւ գործող հայաստանյան իշխանությունը չի կարող ուշադրություն չդարձնել դրան, հատկապես, երբ նախկինում կարծես թե նման հանդիպումների նախադեպ չի եղել, իսկ Իրանը ԼՂ կարգավորման հարցում պահպանել է պոլիտկոռեկտության հնարավոր բոլոր սահմանները, իսկ այժմ Բաքվում իրանական դեսպանատունը բառացիորեն գրում է այդ հանդիպման առնչությամբ, որ «դեսպանը պնդեց, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում և տարածաշրջանի երկրների նախաձեռնությամբ...»։ Անշուշտ հասկանում ենք, թե ովքեր են տարածաշրջանային երկրները։