Ինքնակամ շինության օրինականացման համար մինչև...

ԱԺ-ն այսօր՝ հունվարի 20-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Եթե ունեն ինքնակամ շինություններ, մինչև հունվարի 31-ը կարող են դիմել իրենց համայնքներին, դրական որոշման դեպքում իրենց համար կգործեն նախկին ցածր կադաստրային արժեքները: Երկրորդ՝ այն մարդիկ, որոնք ձեռք են բերել հողամաս հետագա վճարման պայմանով, եթե 2021 թվականի ընթացքում կատարեն վճարումները, իրենց համար կգործեն նախկին ցածր արժեքները»,- տեղեկացրեց Թունյանը:

Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել  անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով՝ նախագծում կատարված լրացմամբ սահմանվել է, որ նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: Այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից: