Ինչու՞ տապալվեց ռուս-հայկական պայմանագիրը․ կե...

Ինչպես հայտնի է, Հայաստանում եւ հետխորհրդային տարածքում գտնվող մի շարք այլ երկրներում գործող ամերիկյան փողերով կառուցված կամ արդիականացված կենսալաբորատորիաների գործունեության հանդեպ Ռուսաստանը չափազանց նյարդային է արձագանքում, դրանք համարելով կենսաբանական սպառնալիք իր անմիջական սահմանների մոտ։

Ըստ ռեգիոնալ եւ միջազգային մամուլի հրապարակումների, նման տասներկու լաբորատորիաներ կան նաեւ Հայաստանում ու չնայած Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, սակայն ռուսական շրջանակներում այլ կարծիք ունեն։

Մասնավորապես, ռուսական կողմը գտնում է, որ ինչպես հետսովետական տարածքի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում այդ լաբորատորիաները տեղի պետական իշխանություններին պատկանում են անվանական կամ նոմինալ կերպով եւ Հայաստանի իշխանությունները այդ կենսալաբորատորիաները վերահսկում են կրկին նոմինալ կերպով։ Ռուսական կողմը ներկայացնող որոշ վերլուծաբանների եւ նույնիսկ քաղաքական գործիչների համար այժմ անհասկանալի է այն, որ կենսալաբորատորիաների հետ կապված հայ-ռուսական հուշագրի ստորագրումը ձգձգվում է, թեեւ այդ մասին վաղուց է հայտարարված եւ նույնիսկ հիմա արդեն անտեղի են հնչում կողմերի միջեւ համաձայնեցման փուլի մասին հայտարարությունները։

Հայկական կողմը ձգձգումը պայմանավորում է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումներով, ինչպես պարզաբանել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն ռուսական «ՌԲԿ»-ին հայտնի է դարձել, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերից սկսած, երբ դեռ կորոնավիրուսի մասին որեւէ խոսք չկար, հուշագրի ստորագրումը հետաձգվել է Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից, Հայաստանի ներկայացրած պատճառաբանությամբ, թե փաստաթուղթը դեռ պատրաստ չէ։ Սա այն դեպքում, երբ «Կոմերսանտը» դեռ անցյալ տարի հոկտեմբերին հաղորդել էր, որ փաստաթղթի վրա աշխատանքները արդեն ավարտված են։ Ավելին, 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ կենսալաբորատորիաներ ռուս մասնագետներ արդեն այցելել են եւ ռուս մասնագետների համար որեւէ խնդիր չի եղել եւ չի լինելու այդ լաբորատորիաներ այցելության այնքան ժամանակ, քանի դեռ ինքը հանդիսանում է ՀՀ վարչապետ։

«ՌԲԿ»-ն նաեւ հայտնել էր, որ այդ լաբորատորիաներում ուսումնասիրվում են տարատեսակ վիրուսներ եւ շտամմներ, իսկ ֆինանսական հատկացումները կատարվում են Պենտագոնի կողմից։ Ռուսական աղբյուրները նշում են, որ Հայաստանում այդ կենսալաբորատորիաները վերահսկում է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, մայոր Էրիկ Լարսենը, իսկ ստեղծող կապալառու կազմակերպությունը եղել է CH2M Hill-ը, որը Հայաստանում այդ աշխատանքներն իրականացնելու համար ստացել է 50 միլիոն դոլար։ Այս ընկերությունն էլ BlackVeatch կազմակերպության միջոցով ներգրավվել է եւս երկու այլ կազմակերպությունների, որոնք երկար ժամանակ զբաղվել են կենսաբանական զենքի մշակումներով։

Ուշագրավ է այն, որ ՌԴ Պետդումայի գիտության եւ կրթության կոմիտեի ղեկավար, նախկինում ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի համար այդ կենսալաբորատորիաները հանդիսանում են այլ պետության ռազմաբազաներ եւ եթե նույնիսկ Գերմանիայում տեղի իշխանությունները ուզենան, չեն կարող ներթափանցել այդտեղ, ուր մնաց թե Հայաստանում։ Օնիշչենկոն նշում է, որ դրանք ռեժիմային օբյեկտներ են, որտեղ չափազանց վտանգավոր վիրուսներ կան։