Ինչու՞ են փորձում ահաբեկել Ծառուկյանին․ հաշվա...

Կորոնավիրուսային պանդեմիայի եւ վերջինիս պատճառով սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում առավել ցայտուն է երեւում Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականության սնանկությունը, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում։

Իշխանությունը, պարզ ասած, ձախողում է կորոնավիրուսի բերած ճգնաժամի տնտեսական հետեւանքների ազդեցության մեղմացման քաղաքականությունը ՀՀ բնակչության շրջանում։ Այս առնչությամբ ամենաթարմ հայտարարությունն այսօր հնչեց վարչապետ Փաշինյանի բերանից՝ կապված կոմունալ վճարների գանձնման խնդրի եւ անջատումների հետ։

Սա, բնականաբար, հեղինակազրկում է իշխանություններին, եւ մարդիկ սկսում են նայել շուրջը, ինչպես ասում են՝ արթնանալով էյֆորիկ թմբիրից, ու հասկանում, որ միայն ուղիղ եթերներով եւ պոպուլիստական հայտարարություններով չի կարելի ո՛չ տուն պահել, ո՛չ քաղցը հագեցնել։

Սովորաբար ժամանակակից աշխարհում սոցիալական ցանկացած դժգոհությանը հետեւում է քաղաքական դժգոհությունը, ու քանի որ կյանքը պանդեմիայից հետո շարունակվելու է, իշխանությունները հասկանում են, որ իրենց հանդեպ ձեւավորվող արդարացի դժգոհությունն ի վերջո բերելու է իրենց հեղինակազրկման եւ քաղաքական այլընտրանքների որոնման։

Այս իրավիճակում, Փաշինյանը հասկանում է, որ իրեն ռեալ այլընտրանք կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, ով այս օրերին կարողանում է ռեալ օգնություն հասցնել կարիքավոր քաղաքացիներին տարբեր ուղղություններով՝ սննդային տոպրակներից մինչեւ պարարտանյութ։ Սա, բնականաբար, ավելացնում է Ծառուկյանի եւ ԲՀԿ հեղինակությունը եւ շարժում Փաշինյանի նախանձը։

ԲՀԿ առաջնորդի աճող հեղինակության դեմն առնելու համար էլ իշխանությունները սկսել են արշավ Ծառուկյանի դեմ։ Նախ ձերբակալվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ապա քրեական գործ է հարուցվում Կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Զաքարյանի դեմ, ապա՝ «Շանգրի Լա» խաղատունը լիցենզիայից զրկելու հարց է բերվում օրակարգ։

Մամուլում եւ հասարակական-քաղաքական շրջանակներում արդեն խոսվում է այն մասին, որ կատարվողն այլ անուն չունի, քան սեփականությունը վերաբաշխելու փորձ, թեեւ լիովին հնարավոր է, որ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած իշխանությունները փորձում են ումից ինչ կարող են խլել կամ էլ փորձում են ճնշումների միջոցով հասնել այն բանին, որ ապագայի քաղաքական ցնցումների դեմ հանդիման Ծառուկյանին որոշակի պայմանավորվածության հանգեցնեն ու ապահովագրեն իրենց՝ նկատի ունենալով, որ վերջինս ռեալ այլընտրանք կարող է լինել իրենց։