Ինչու՞ էին փողոց դուրս եկել ադրբեջանցի «ցուցա...

Նախօրեին երեկոյան Բաքվում տեղի են ունեցել ցույցեր, ի աջակցություն ադրբեջանական բանակի եւ իշխանությունների, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, եւ ցույցի ընթացքում հնչած լոզունգների։ Ցույցերը, ինչպես եւ կարելի էր կանխատեսել, ընդգծված հակահայկական բնույթի էին։ Ավելին, ցուցարարները պահանջել են պաշտոնանկ անել Ադրբեջանի գործող Պնախարար Զաքիր Հասանովին եւ գնալ ու «գրավել Երեւանն ու Շուշին»։

Կիրթ եւ կառուցողական Իլհամ Ալիեւի հպատակների այս դեմոնստրատիվ շոուն, որը ըստ ամենայնի ներքին լսարանի համար էր կազմակերպված, կարելի է համարել եզակի, իր տեսակի մեջ, եւ ուղղորդված իշխանությունների կողմից, (գուցե նաեւ կազմակերպված իշխանությունների կողմից), քանի որ սովորաբար Ադրբեջանում ինքնաբուխ ակցիաները, ցույցերը  հենց բնում են խեղդվում ուժայինների կողմից, եւ բացի այդ, լոքդաունի պայմաններում նման ցույցի իրականացումը մի փոքր անհավանական կլիներ, եթե իշխանությունների հավանությունը չլիներ։

Ցույցը վերջում ունեցել է ոչ հաճելի ավարտ, քանի որ ցուցարարներից ոմանք ներխուժել են Միլլի Մեջլիսի շենք։ Մի կողմ թողնելով ցույցի մանրամասները, արձանագրենք, որ Ադրբեջանում հիմա ամեն բան անում են, քաղաքական իմաստով, օգտագործելով սահմանային լարվածությունը, ձեւավորել կոնսոլիդացիա, եւ ուժեղացնել այդպիսով իշխանության դիրքերը, մոռացության տալ համավարակն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը։

Հաշվարկը շատ պարզ է՝ խաղալ ադրբեջանցիների հայրենասիրական զգացումների վրա, խաղարկել Ղարաբաղյան խաղաքարտն ու մարտական գործողությունները։ Սա իր հերթին նշանակում է, որ իշխանությունը Աբշերոնյան խանությունում վստահ չէ իր ուժերին եւ որոշել է հանրային շոուների միջոցով հասնել իր համար ցանկալի էֆեկտների։ Սակայն, բազմամարդ հավաքները միշտ անկանխատեսելի են։ Այն, որ հայտնվել են ցուցարարներ, որոնք ներխուժել են Միլլի Մեջլիսի շենք, արդեն վկայում է այն մասին, որ ավելի մեծ թվով ցուցարարների առկայության դեպքում, հնարավոր է վերահսկելիությունը թուլանա եւ օրինակ հնչեն քաղաքական պահանջներ․ բացի Զաքիր Հասանովին պաշտոնանկ անելուց, նաեւ խոսեն քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, որոնք ցավոտ են Ադրբեջանում, ինչը կարող է նաեւ հնարավորություն տալ ընդդիմությանը օգտագործել առիթը եւ դուրս գալ կիսաընդհատակյա վիճակից։

Դժվար է կանխատեսել, որ նման ցույցերը կարող են լուրջ քաղաքական ընդդիմակացության հարթակներ դառնալ, հաշվի առնելով, որ ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք տիպիկ արեւելյան բռնապետության հետ, սակայն նաեւ պետք է ֆիքսել, որ նույնիսկ հայրենասիրական պոռթկումները մի օր կարող են վերաճել քաղաքական պահանջատիրության։