Ինչի՞ էր սպասում Օնիկ Գասպարյանը. հանգուցալու...

Անկախ այն բանից, թե ինչպիսի մեկնաբանություններ են մինչեւ այժմ հնչել եւ դեռ կհնչեն ՀՀ ԶՈՒ ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ զբաղեցրած պաշտոնից հեռանալու, հատկապես՝ վերջին ուղերձի առնչությամբ, այնուհանդերձ, չափազանց տարօրինակ էր վերջին տասն օրերի իրադարձություններն առհասարակ։

Նախ՝ խրոխտ վճռականությամբ հանդես գալ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ապա, ձգձգել իրավիճակը եւ կտրուկ գործողությունների չգնալ, իսկ վերջում էլ մեղմ ասած՝ հեռանալ ինքնակամ, այն դեպքում, երբ իրավաբանական հանրույթը օրինակ կարող էր ապահովել օրենքների մեկնաբանությունների խրթինությամբ, Օնիկ Գասպարյանի՝ առնվազն մի քանի ամիս պաշտոնավարման ձգձգումը։ Սա առնվազն կմնա «չբացահայտված քաղաքական թնջուկ», գոնե դեռ բավականին երկար ժամանակ։

Եթե վերլուծենք վերջին օրերի զարգացումները, ապա պետք է արձանագրենք հետեւյալը․

• Օնիկ Գասպարյանը ոչ հերթական ընդդիմադիր «ճառ ասողն» էր, ոչ հերթական քաղաքական ճամարտակողը․ խոսքը գեներալի՝ լուրջ կենսագրություն եւ փորձ, նաեւ՝ կապեր ունեցող մարդու մասին է, եւ եթե նա օրինակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում, ուրեմն գնահատում է իր քայլի բոլոր հետեւանքները՝ ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ արտաքին քաղաքական մակարդակներում:

• Հրաժարականի պահանջումից հետո հաջորդած ձգձգումը, որը բոլորի մոտ էր զարմանք առաջացրել, քանի որ ժանրի կանոնները թելադրում էին գործողությունների լրիվ այլ հաջորդականություն, պակաս ինտրիգային չէր։ Այնպիսի տպավորություն է, որ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ բանակը սպասողական ինչ որ վիճակում են հայտնվել, բայց թե ում են սպասել ու սպասում կամ ինչի՝ դժվար է ասել։

• Օնիկ Գասպարյանի վերջին ուղերձը եւ հեռանալը, այս դեպքում կարծես թե միջանկյալ ժամանակավոր դադար լինի, ընդ որում, կարծես թե ժամանակ են տվել իշխանություններին։ Բայց թե ով է ժամանակ տվել իշխանություններին եւ ինչու, դեռ պետք է հասկանալ։

• Քաղաքական ընդդիմությունը այս ամենում նույնքան «շարքային հանդիսատես» է, որքան ցանկացած քաղաքականապես չեզոք ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ նրանից քիչ բան է կախված եղել եւ լինելու։

• Վերջին օրերի զարգացումները կարծես ինչ որ ավելի մեծ պրոցեսի համար եղան արագացնող խթանիչ, որոնք մոտեցնում են հանգուցալուծումը․ սակայն պետք է նաեւ արձանագրել, փողոցային պայքարով չէ, որ հանգուցալուծումը լինելու է, այլ շատ ավելի գլոբալ՝ առնվազն «ռեգիոնալ ակտորների» միջեւ պայմանավորվածություններով՝ «տաքուկ աշխատասենյակներում, սուրճի եւ կոնյակի սեղանի շուրջ»: