Ինչ պետք է սպասի Վրաստանը, եթե ԱՄՆ-ում նախագա...

 Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերի երեքին համաշխարհային քաղաքականության մեջ տեղի է ունենալու ամենից կարեւոր իրադարձություններից մեկը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Այս ընտրությունների ելքից, անվարան կերպով կարելի է ասել, որ կախված է միլիոնավոր մարդկանց կյանքեր։

Օրինակ, եթե նախագահ ընտրվի Ջո Բայդենը, ապա գոնե չինացիները իրենց ավելի կոմֆորտ կզգան, քանի որ վերջինս համարում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային պատերազմը պարզապես անհեթեթություն է, քանի որ օգուտ չի բերում ոչ Պեկինին, ոչ Վաշինգտոնին։

Իրանում էլ կուրախանային Բայդենի ընտրությամբ, քանի որ Թեհրանի հետ հայտնի «Միջուկային գործարքի» կնքողները եղել են դեմոկրատները, իսկ գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս բերումն իրականացրել է Դոնալդ Թրամփը։ Իսկ ինչ պետք է սպասեն Հարավ-Կովկասյան երեք հանրապետությունները, եթե Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակի տեր դառնա դեմոկրատ Բայդենը։ Հայաստանի եւ Ադրբեջանի համար այս առումով առանցքային կլինի այն, թե Բայդենը ինչ դիրքորոշում կունենա Ղարաբաղյան հարցի առնչությամբ, իսկ Վրաստանի համար կարեւոր կլինի, թե ինչպես կդասավորվեն Բայդենի ենթադրյալ նախագահության պարագայում ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Նկատենք, որ Վաշինգտոնում կարծում են, որ Վրաստանի տարածքային կորուստները համարվում են «ռուսական օկուպացիա»։

Բայդենը բացառություն չի լինի։ Նշանակում է, որ Բայդենը կշարունակի անել ամեն բան, որպեսզի «պատժի Ռուսաստանին»։ Բայդենը հակված է ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի հզորացմանը, գործընկերներ Վրաստանին եւ Ուկրաինային հատկացվելիք օգնության ավելացմանը։ Հակառուսականության ուղուց Բայդենը դժվար թե հրաժարվի եւ սա կարող է օգտակար լինել Վրաստանի համար։ Սակայն մյուս կողմից, Մայդանների մասնագետ Բայդենը կարող է նաեւ Վրաստանում սկսել աջակցել Միխեիլ Սահակաշվիլու կողմնակիցներին, ովքեր ձգտում են ռեւանշի ատամներ կրճտացնելով գործող մեծամասնության ուղղությամբ։

Բայդենի օրոք էլ, եթե նախագահ ընտրվի, Վրաստանը հազիվ թե կարողանա վերադարձնել իր տարածքային կորուստները, սակայն կարող է ներքաշվել քաղաքական-դիվանագիտական մեծ ու վտանգավոր մի ինտրիգային խաղի մեջ, որը կարող է Թբիլիսիի համար հավելյալ գլխացավանքի առիթ դառնալ։