Ի՞նչ կտա Հայաստանին արտահերթ խորհրդարանական ը...

Չգիտես ինչու Հայաստանի ներքաղաքական դաշտում պատերազմի հետ կապված խնդիրները սկսում են աստիճանաբար հանգել եւ իրենց տեղը զիջել արտահերթ ընտրությունների հետ կապված խնդիրներին։ Սա, ինչ խոսք բավական սխալ իրավիճակ է, քանի որ չի կարող լինել արտահերթ ընտրություններ, առանց Ղարաբաղյան վերջին պատերազմի հետ կապված խնդիրների պարզաբանման, բոլոր հարցերի հետ կապված պատասխանների տրման, որոնք այսօր առկա են, կապված Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ։

Իրականում, ինչ ունենք Հայաստանում․ պատերազմում կրած պարտության ցավ, մարդկային հազարավոր կորուստների կսկիծ եւ էլի հազարավոր մարդկանց հաշմանդամ դառնալու մորմոք։ Ունենք նաեւ ազգային ինքնության հիմք հանդիսացող հայրենիքի մի մասի կորուստ։ Հասարակության մեջ հոգեկան-հոգեբանական ծանրագույն վիճակ։

Տնտեսական եւ ֆինանսական սպասվող ճգնաժամ, որը արդեն իսկ թեւակոխում է։ Ունենք այս ամենի հետ մեկտեղ՝ ադեկվատության դեֆիցիտ ունեցող իշխանություն, որը պատրաստ է ամեն գնով խուսափել պատասխանատվությունից եւ մեղավոր հանել ցանկացած մեկին, բայց միայն թե իրենք կարողանան չքմեղանալ։ Պատերազմն իր հետ բազմաթիվ հարցեր է բերել, նաեւ ծնել բազմաթիվ միֆեր, պատմություններ։

Պատկերավոր ասած՝ Հայաստանին պետք է պարզաջրում, որից հետո նոր հնարավոր կլինի շարժվել առաջ։ Արտահերթ ընտրությունները սխալ է անցկացնել հիմա, երբ այս ամբողջ խնդիրների համակարգը լուծված չէ, երբ հարցերը պատասխանված չեն։ Արտահերթը չի լուծի ոչ մի խնդիր մարդկանց մոտ։ Ընդամենը կստեղծի այն վիճակը, ինչ կար Ապրիլյանից հետո․ աստիճանաբար խնդիրները կխորանան հարցերը կբարդանան, միֆերն ու պատմությունները կգունազարդվեն ու կուռճացվեն իսկ ընդհանուր նեգատիվը կկուտակվի ու կկուտակվի մինչեւ բերի հերթական պայթյունի։

Արդյո՞ք Հայաստանին պետք է նման հանգուցալուծում եւ արդյո՞ք Հայաստանն ունի բավարար կենսունակություն՝ եւս մեկ պայթյունի համար։