«Հրապարակ»․ Ինչ կա՝ կա․ վերջին օրերին որևէ քա...

«Այսօր մեր նախընտրական վերջին թողարկումն է, վաղը լռության օր է, և քարոզչություն անել չի կարելի։ Չնայած այս վերջին օրերին որևէ քարոզչություն անելն անիմաստ է, որովհետև նման բևեռացված իրավիճակներում մարդիկ, որպես կանոն, վաղուց կողմնորոշված են լինում, և քարոզչության 12 օրը շատ փոքր ազդեցություն է գործում։ Ինչ կա՝ կա։

Ովքեր իշխանության կողմն են, այն էլ՝ այսքան իրադարձություններից, կորուստներից ու ձախողումներից հետո, այլևս որևէ բանով նրանց հնարավոր չի լինի համոզել, որ սխալվում են․ նրանք գնալու են և ընտրելու են «Քաղպայմանագիրը», ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին, ում բոլոր քայլերը, հռետորաբանությունը, վարած քաղաքականությունը, տեսքը, շարժուձևը հավանում են անվերապահորեն և նրան մերժելու որևէ պատճառ չեն տեսնելու, անգամ եթե նա բոլորի աչքի առաջ մարդ մորթի և արյունը խմի։

Նրանք, ովքեր որոշել են, որ երկիրն այս վիճակից կարող է հանել միայն Ռոբերտ Քոչարյանը, և ուզում են ներել ու անտեսել նրա նախկին սխալները, հայերենի վատ իմացությունն ու այլ մեղքեր, նույնպես մտքափոխ չեն լինելու և իրենց որոշումից հետ չեն կանգնելու, անգամ եթե իշխանությունը նրա բոլոր պաստառները պոկի և նրա բոլոր կողմնակիցներին ԱԱԾ պադվալներում ծեծի ենթարկի։

Իրենց մտադրությունից չեն հրաժարվելու նաև Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան դաշինքի մեջ ապագա տեսնողները։ Անգամ մանր-մունր կուսակցությունները, որոնք ոչ մի շանս չունեն ԱԺ անցնելու, այս մի քանի օրվա ընթացքում չեն կորցնելու իրենց համակիրներին․ նրանք, գիտակցելով, որ փոշիացնում են իրենց ձայները, քվեարկելու են իրենց ընկեր-բարեկամների օգտին։ Իսկ մեզ մնում է սպասել և հուսալ, որ մեր ժողովրդի հետին խելքը կաշխատի, և մենք նորմալ խորհրդարան կունենանք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։