ՀՔԾ–ի արձագանքը՝ Ռոբերտ Նազարյանի պաշտպանների...

Իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ: Այս մասին պարզաբանում է տարածել Հատուկ քննչական ծառայությունը՝ անդրադառնալով ավելի վաղ փաստաբաններ Գագիկ Խաչիկյանի եւ Սասուն Ռաֆաելյանի արված հայտարարությանը։

«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը եւ Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է «տպավորություն ստեղծել», որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երեւակայական չարաշահումների կատարմանը»` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով «օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:

Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության եւ մասնագիտական էթիկայի շրջանակներում եւ քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը»,– ասվում է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Երեւան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստաբաններն այսօր հայտարարություն էին տարածել, որ ՀՔԾ–ն ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել փորձելով տպավորություն ստեղծել թե իբր Ռոբերտ Նազարյանը ինչ–որ առնչություն ունի երեւակայական չարաշահումների կատարմանը։

«Վերջին շրջանի դառը իրականությունը հաշվի առնելով կոչ ենք անում հանրությանը սույն տեղեկատվությանը վերաբերվել հումորով, իսկ ՀՔԾ-ին հորդորում ենք օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու ենք հերթական արդարացումը»,-նշել էին նրանք։