Հորդանանի շնորհազուրկ արքայազն Համզան հայտարա...

Հորդանանի շնորհազուրկ արքայազն Համզան հայտարարել է, որ չի ենթարկվելու տնային կալանքի տակ առնվելուց հետո արտաքին աշխարհի հետ չշփվելու բանակի հրամանին, փոխանցում է Reuters-ը:

Աբդուլլահ թագավորի խորթ եղբայրը եւ նախկին թագաժառանգն ընկերներին եւ աջակիցներին ուղարկված աուդիո ձայնագրության մեջ ասել է, որ չի ենթարկվի, եթե իրեն արգելեն որեւէ գործունեությամբ զբաղվել եւ խնդրեն լռել: «Ես պատրաստվում եմ սրել իրավիճակը եւ չեմ ենթարկվելու, երբ նրանք ասեն, որ չես կարող փողոց դուրս գալ, թվիթ անել կամ դիմել մարդկանց, եւ ինձ թույլատրվում է շփվել միայն իմ ընտանիքի հետ»:

Շաբաթ օրը զինվորականները նախազգուշացրել էին արքայազնին գործողությունների մասին, որոնք, ըստ նրանց, խաթարում են «անվտանգությունն ու կայունությունը» Հորդանանում: Ավելի ուշ արքայազն Համզան հայտարարել էր, որ գտնվում է տնային կալանքի տակ: Բերման են ենթարկվել նաեւ մի շարք հայտնի գործիչներ:

Պաշտոնյաները կիրակի հայտարարել էին, որ արքայազն Համզան կապի մեջ է եղել մարդկանց հետ, ովքեր շփումներ են ունեցել օտարերկրյա ուժերի հետ՝ երկրում ապակայունացման նպատակով դավադրությամբ, եւ նա որոշ ժամանակ հետաքննվում էր:

Անհասկանալի է, թե ինչու թագավորությունը որոշեց հենց հիմա հաշվեհարդար տեսնել արքայազն Համզայի հետ, սակայն նա ռիսկի էր դիմում՝ հաճախակի մասնակցելով ցեղերի ժողովներին, որտեղ ոմանք քննադատում էին թագավորին:

Պաշտոնյաները հայտարարել են, որ ջանքեր են գործադրվում թագավորական ընտանիքում ճգնաժամի լուծման համար, որը վերջին տարիներին առաջին նման բաց պառակտումն էր, սակայն արքայազն Համզան հրաժարվել է համագործակցել:

Աբդուլլահ թագավորն արքայազն Համզային թագաժառանգի դիրքից հեռացրել էր 2004 թվականին: