Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի կառուցապատմա...

Իմ ամեն քայլն ուղղված է Երևանն ազատելու տարբեր անօրինական շինարարություններից և կանաչ դարձնելուն: Այդպես շարունակվելու է մինչև վերջ: Ես գտնում եմ, որ Երևանը պետք է շատ ավելի կանաչ լինի, քան այսօր է, Մաշտոցի պուրակում ծառահատման և սրճարան կառուցելու թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ շատ մեծ քայլեր են արվել:

«Մենք բոլորս օրենքով պետք է շարժվենք: Ես շատ ակտիվ պայքարել և հիմա էլ պայքարում եմ ամեն պուրակի՝ նաև Մաշտոցի պուրակի համար: Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, որը հիմա առաջ եմ տանում և ամրագրում եմ: Այն տաղավարները, որ այն ժամանակ պետք է կառուցվեին, հանրային ճնշմամբ թույլ չտվեցինք: Բայց այնտեղ կա մի սրճարան, որն ուներ 277 ք/մ սեփական տարածք և 17 ք/մ սեփականության իրավունքով կադաստրում գրանցված տաղավար:

Սակայն 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով վարձակալությունը դառնում է 1048 ք/մ: Վարձակալութունը մինչև 2048 թվականի դեկտեմբերն է:

Ես այս որոշումը չեղյալ եմ համարել: Պայմանավորվածություն ենք ձեռք բերվել, որ 277 ք/մ և 17 ք/մ սեփական գույքը, որը սեփականտիրոջն է, քանդում ենք և դրա տեղը տալիս ենք նույն տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալություն: Սա նշանակում է, որ այն գույքը, որն այժմ կառուցվում է, համայնքային գույք է: Վարձակալությունն ավարտվելուց հետո դա դառնում է համայնքային գույք, դառնում է մերը: Արդեն այդ ժամանակ կորոշենք՝ քե անդում ենք, կանաչապատում ենք, թե տարածքը տալիս ենք վարձակալությամբ: Դա կորոշի այդ պահի գործող քաղաքային իշխանությունը: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է», - ասաց Մարությանը՝ հավելելով որ չեն կարող բուլդոզերներով մտնել և քանդել մարդու սեփականությունը, բայց եթե օրենքը նման լիազորություն տա, առաջինն ինքը կնստի բուլդոզերի ղեկին: