Հայաստանը պատրաստ չէր պատերազմին, բայց առավել...

Թերեւս արդեն ամեն օր հանրությունը կարդում ու լսում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեզ համար ունեցավ աղետալի հետեւանքներ։ Այժմ երկրում բավական ծանր քաղաքական իրավիճակ է։ Տնտեսական ու սոցիալական ցնցումները, որոնք հատուկ են հետպատերազմական իրավիճակներին կարծես թե նոր նոր են սկսել նկատվել գնաճի տեսքով։

Իրավիճակն ինչ խոսք, կարելի է գնահատել ծայրահեղին մոտ բարդ եւ դժվարին։ Սակայն այս ամենով հանդերձ փորձենք հասկանալ, իսկ ունե՞ր արդյոք Ղարաբաղյան երկրորդ պատերազմն այլընտրանք, կամ որ ավելի ճիշտ փորձենք ձեւակերպել, արդյոք Հայաստանի հանրությունը կամ ընդհանրապես Հայ ժողովուրդը պատրաստ էր խաղաղության եւ որն էր այդ խաղաղության գինը։ Խաղաղության նվազագույն գինը հայտնի է՝ Ղարաբաղի հարակից յոթ շրջաններն էին, որոնք պետք է հանձնվեին։ Ու այստեղ մոտենում ենք ամենաառանցքային հարցին․ իսկ գոնե այդ յոթ շրջանները հանձնելուն պատրաստ էր արդյոք Հայաստանի հանրությունը կամ հայ ժողովուրդը։

Հետին թվով խոսել կարելի է որքան ուզես, սակայն ինքնին պարզ է, որ Հայաստանում եւ Սփյուռքում հայ ժողովուրդը դրան պատրաստ չէր։ Եթե դրան պատրաստ լիներ, օրինակ 2017-ի ընտրություններին կհաղթեր Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հենարան համարվող ՀԱԿ-ը։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն էր, որ դաշինքի տեսքով մտավ ընտրապայքարի մեջ, իր նախընտրական թեզերում առաջնահերթ տեղ տալով Ղարաբաղյան կարգավորման խնդրին։

Հիշենք Առաջին նախագահի հայտնի հեռուստահարցազրույցները «Հ1»-ին եւ «Կենտրոն» ՀԸ-ին, արտահայտված մտքերը, դրանց արձագանքը հանրային-քաղաքական հարթակներում եւ այժմյան իրականությունը։ Իրականությունն այն է, որ ավելի քան քառորդ դար մեր հասարակությունը սնվել է Առաջին նախագահի բառապաշարով ասած «ոչմիթիզականությամբ»։

Դա եղել է հասարակական-քաղաքական դաշտի այն եզակի գաղափարական կետը, որում գրեթե բոլորը եղել են միասնական եւ դրանով սնել են իրենց կողմնակիցներին։ Նույնիսկ իշխանափոխությունից հետո «ոչմիթիզականությունը» դարձավ պետական քաղաքական գծի բաղադրիչ, երբ ՀՀ այն ժամանակվա Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց իր հայտնի «նոր պատերազմ նոր տարածքներ» թեզի մասին։

«Ոչմիթիզականությունը» բոլորի զգոնությունը բթացրել էր, սթափ դատելու կարողությունից զրկել։ Ու այս համատեքստում եկեք հասկանանք, թե արդյոք սխալ է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է․ «Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր: Որեւէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»։

Այստեղ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու որեւէ նպատակ չկա։ Ամենայն հավանականությամբ գործող վարչապետին այս հարցում խանգարեց նրա լրագրողի մասնագիտությունը, իսկ կոնկրետ դեպքում՝ սեփական վարկանիշի հանդեպ ծայրահեղ ուշադրությունը։ Նա կարող էր պարզապես կամայնություն ցույց տալ ու ասեր, որ հանձնում ենք հանուն խաղաղության։ Այո, նրան կասեին «Նիկոլ դավաճան», գուցե եւ էլի առաջանար իշխանությունը կորցնելու վտանգը, սակայն գոնե չէր լինի պատերազմն իր մարդկային զոհերով ու մնացած արհավիրքներով հանդերձ։

Պարզապես սխալների սխալն այն էր, որ հասարակությունը, ողջ ժողովուրդը պատրաստ չէր խաղաղության, չէր տարվել աշխատանք խաղաղության նախապատրաստության հարցում, իսկ խաղաղությունը ընկալվում էր չափազանց մաքսիմալիստական դիրքերից, առանց հասկանալու, որ կարեւորը հատկապես միջազգային հանրության մեջ եղած կոնսենսուսին համաքայլ ընթացքն է, ոչ թե ազգային-հայրենասիրական զգացմունքներին տուրք տալով ականջահաճո հայտարարություններով մարդկանց սնելը։ 

Հ․Գ․ Արդարության համար պետք է նկատել, որ այսօրվա Ադրբեջանն առավել քնա պատրաստ չէր խաղաղության։ Այդ երկրի համար Արցախի խնդրի լուծման մեկ ճանապարհ կար և դա պատերազմն էր։

Վահան Սանամյան