Հայաստանը անհանգստանալու պատճառ ունի

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Թուրքիան հայտարարում է, որ Սեւ ծովում հայտնաբերել է գազի խոշոր պաշարներ։ Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համաձայն, հայտնաբերված պաշարները գնահատվում են մոտ 320 միլիարդ խորանարդ մետր, որը սակայն ավելի խոշոր պաշարների մի մասն է միայն։ ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ այդ պաշարները Թուրքիան ոչ միայն կօգտագործի իր կարիքների համար, այլ նաեւ հնարավոր է կարողանա գազ մատակարարել Եվրոպային։

Ռուսաստանում այս հայտարարություններն ընդունել են սկեպտիկորեն, հասկացնելով, որ դրանցում հիմնականում աղմուկ է, իսկ մնացածը՝ սնամեջություն։ Ադրբեջանական եւ ռուսական որոշ փորձագետներ էլ հայտարարում են, որ եթե այդ հայտարարությունները ճիշտ են, ապա Թուրքիան ամենայն հավանականությամբ կսկսի ավելի քիչ գազ գնել Ռուսաստանից եւ Ադրբեջանից, ինչպես նաեւ իրեն գազ մատակարարող մյուս երկրներից։ Որքան էլ թուրքական ղեկավարության այս հայտարարությունները լինեն կասկածահարույց, սակայն հասկանալի է, որ անհանգստությունը եւ Մոսկվայում, եւ Բաքվում եւ մյուս մայրաքաղաքներում, ովքեր կապված են ռեգիոնալ եւ գլոբալ էներգետիկ ոլորտի հետ, նկատելի է։ Հասկանալի է, որ Էրդողանը սկսել է խաղարկել էներգետիկան քաղաքականության մեջ, խոսքը արտաքին քաղաքականության մասին է։ Ինչպես ասում են «ծեր աղվեսը» հասկանում է, թե էներգետիկ խաղաքարտը որքան կարեւոր է հատկապես ռեգիոնալ քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության մեջ։

Եթե նույնիսկ այդ պաշարները իրականում էլ լինեն, դրանց քաղաքական եւ հատկապես՝ գեոքաղաքական նշանակությունը ավելին է, քան տնտեսականը։ Իսկ Մոսկվայում, Բաքվում եւ այլուր անհանգստանալու առիթներ ունեն, քանի որ Անկարան փորձելու է մրցակիրց դառնալ իրենց՝ աշխարհի ամենագնողունակ շուկաներից մեկում՝ Եվրոպայում, գազի մատակարարման հարցում։ Իհարկե, ինչ որ աշխարհաքաղաքական գործընթացներ այս առումով դեռ դժվար թե լինեն։ Սակայն հասկանալի է, որ բոլորը, ովքեր այս հարցում շահառու են, կփորձեն հակազդել Թուրքիային եւ այդ հարթության վրա, նույնիսկ եթե այլ հարթություններում մեկմեկու հետ խնդիրներ էլ ունենան, դառնում են ակամա դաշնակիցներ։ Այս առումով արդեն Հայաստանը անհանգստանալիք ունի, եթե ակամա էլ ավելի սերտանան Մոսկվա-Բաքու հարաբերությունները։