Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են...

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին  հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցերը և ուղենշելու համագործակցության հեռանկարները:

«Հայ ժողովուրդը պատմամշակութային ամուր կապերով է միահյուսված Եգիպտոսին և արաբական աշխարհին, որոնց հետ անցել է համատեղ պատմական մի մեծ ուղի: Հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության և իրական բարեկամության վառ արտահայտություն են», – նշեց նախարարը:

Երկուստեք ընդգծվեց հայ համայնքի պատմական ներդրումը Եգիպտոսի պետական և հասարակական կյանքում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ եգիպտահայ համայնքը հանդիսանում է երկու երկրներն իրար կապող կամուրջ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության կուտակված զգալի ներուժն ու զարգացման դինամիկան՝ ընդգծելով երկկողմ բազմաոլորտ օրակարգի հարստացմանը միտված քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Որպես հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվեցին դեղագործության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:

Բազմակողմ համագործակցության առումով նախարարները կարևորեցին միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության շրջանակներում ավելի սերտ և հետևողական շփումներն ու փոխադարձ աջակցությունը։

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման կարևորությունը և  միջազգային համագործակցության դերն անդրազգային սպառնալիքների չեզոքացման գործում, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը։

Նախարարներ Մնացականյանը և Շուքրին կրոնական խմբերի պաշտպանությունն առանձնացրեցին որպես համագործակցության կարևորագույն ոլորտ միջազգային ասպարեզում։

ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ:

ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս: