Հանուն պետության պետք է Փաշինյանին տանել սթափ...

Անցյալ շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած երկու նշանակալի իրադարձությունները, որոնք էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության մերժումը ըստ քաղաքական պրոցեսների զարգացման տրամաբանության, պետք է խթանեին, որպեսզի ներքաղաքական կյանքը աշխուժանար, որպեսզի հատկապես ընդդիմությունը սկսեր գործուն քայլեր ձեռնարկել եւ պատկերավոր ասած՝ սթափարան տաներ Նիկոլ Փաշինյանին։

Սակայն զարմանալիորեն ընդդիմության շրջանում այսպես ասած վախվորած վիճակ է։ Նույնիսկ ակնհայտ հակասահմանադրական գործողությունների մասով «կլասիկ» «ԼՀԿ»-ն մեղմ ասած «թռած է ման գալիս», փորձելով խուսափել հակահեղափոխականի պիտակից եւ դրանով վաստակելով էլ ավելի կոշտ պիտակներ։

Տպավորություն է, որ ընդդիմությունը վախեցած է։ Մի կողմից հասկանալի է, ընդդիմադիրները, վախենում են կոնկրետ քայլեր անել, կամ դառնալ Նիկոլ Փաշինյանին սթափարան ուղեկցելու ճանապարհին առաջին քայլ կատարողը, հասկանալով, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գործ ունեն ոչ լիարժեք ադեկվատ մարդու հետ, ով չի խորշի ուժային համակարգը գործի դնել եւ ռեպրեսիաների դիմել։

Մյուս կողմից, գուցե զգում են, որ իշխանափոխությունը ինչպես եւ իշխանության հաստատումը զուտ ներհայաստանյան պրոցես չէ եւ կոնկրետ դեպքում ընդգծված աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ խաղացողների ներգրավվածության բաղադրիչ կա եւ սպասում են «բարենպաստ քամիների», որպեսզի ըստ «քամու ուղղության առագաստներ պարզեն», սակայն հիմա աստիճանաբար մոտենում ենք մի այնպիսի հանգրվանի, երբ խաղատախտակին պետականությունն է դրվում եւ հապաղումը կարող է արժենալ մի ողջ երազանքների նյութականացած հազարամյակների երազանքը։

Պետք չէ վախենալ առաջին քայլն անելուց․ պատմությունը խիստ եւ անաչառ դատավոր է, իսկ առաջիկայում կերեւա, թե ընդդիմադիր ուժերից ով ինչ արժեքների է դավանում իրականում եւ ում համար է կարեւոր պետականությունը եւ ում համար պարզապես տաքուկ կաբինետն ու աթոռը։