Հանրահավաքն, ամեն դեպքում, տեղի է ունենալու....

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Լիահույս ենք, որ ի վերջո արդար դատավճիռ կկարդան և ամեն ինչ կգնա իր բնականոն ճանապարհով, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը։

«Գործում, ըստ էության, բացակայում են մեղադրական նյութերը, և սա սարքած, կարած գործ է, ինչպես ժողովուրդն է ասում», - ասաց Վահե Էնֆիաջյանը։

Նա նշեց, որ պատրաստ են ցանկացած զարգացման և իրենց պայքարը բոլոր դեպքերում շարունակելու է։

«Օրենքով սահմանված բոլոր միջոցները կիրառելու ենք մեր պայքարի ժամանակահատվածում», - ասաց Վահե Էնֆիաջյանը՝ ավելացնելով, որ անկախ տեղի ունեցող զարգացումներից՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը կայանալու է։