Համերաշխության հանդիպում․ Փաշինյանը կգնա՞ այս...

Պատերազմները, բնական եւ մարդածին տարերային աղետները եւ այլ արտակարգ իրավիճակներ կամ պրոցեսներ, սովորաբար մարդկանց, հասարակությունների մոտ ուժեղացնում են տեսակի պահպանման կոլեկտիվ բնազդը եւ մարդիկ, հասարակությունները սկսում են միավորվել, համախմբվել։

Կարելի է ասել, որ այժմ Հայաստանում նմանատիպ երեւույթի ենք ականատես լինում, երբ մարդիկ համախմբվել են, որովհետեւ սահմանին լարված է, կրակում են, ու հայրենիքը վտանգի մեջ է։ Խելամիտ իշխանությունը այս իրավիճակը կօգտագործի ու կհամախմբի ժողովրդին, հասարակության տարբեր հատվածները, մի կողմ դնելով քաղաքական, գաղափարական կամ այլ տարակարծությունները։

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարիներին արդեն երկրորդ եզակի շանսն է ստանում համաժողովրդական զարթոնք արթնացնելու եւ հասարակության համախմբում իրականացնելու համար։

Մեկը իշխանափոխության փուլում էր, երբ մարդիկ դուրս եկան փողոց՝ հանուն փոփոխությունների եւ լավ ապրելու, մյուսը հիմա է։ Ավաղ, առաջին դեպքում Փաշինյանն իր սեւ ու սիպտակով, հեղափոխական-հակահեղափոխականով, եւ այլ սորտավորումներով պառակտեց հասարակությունը, բաժանեց ճամբարների, բեւեռների։

Կկարողանա արդյոք այդ սխալները սրբագրել ու հակառակ ուղղությամբ շարժվել, դժվար է ասել, սակայն ճանապարհային քարտեզը շատ պարզ է․ պարզապես պետք է հրավիրի ու համազգային քննարկում կազմակերպի Հայաստանի եւ Արցախի բոլոր նախկին նախագահների եւ ներկա նախագահների հետ․ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, եւ բնականաբար՝ իր մասնակցությամբ, որպես ՀՀ գործող ղեկավար։

Նշվածները մարդիկ են, պետական գործիչներ, ովքեր անցել են պատերազմի միջով, ուղնուծոծով տեղյակ են ռեգիոնից, աշխարհաքաղաքականությունից, ծանոթ են ազերիների թույլ կողմերին, ունեն կուտակած մեծ փորձ եւ կարող են արժեքավոր խորհուրդներ տալ Հայաստանի գործող ղեկավարությանը։

Անշուշտ, չի նշանակում, թե այլեւս դադարելու են նրանք օրինակ լինել ընդդիմություն կամ տարակարծություններ չունենալ Փաշինյանի հետ, սակայն եթե նման հավաք կազմակերպի, դա համաժողովրդական համերաշխության շատ հզոր ազդակ կլինի, որը կարելի կլինի նաեւ կապիտալիզացնել եւ որպես քաղաքական կապիտալ օգտագործել նաեւ արտաքին աշխարհում։

Հ․Գ․ Պարզ է, որ Փաշինյանին կողքից կարող են խանգարել և հավատացնել, որ հանրությունը նրան չի հասկանա, բայց եթե վարչապետը կարողացել է խոսել Արցախի խնդրի նաև ադրբեջանցիներին բավարարող լուծման մասին ու չի վախեցել հանրային արձագանքից, ապա այս դեպքում աառվել ևս չպետք է վախենա «հանրային դժգոհությունից»։ Հակառակ պարագայում կստացվի ադրբեջանցիների հետ համերաշխ ապրել ցանկացողը չի ցանկանում համերաշխ լինել իր համերկրացիների հետ։