Գուցե թաքուն և աննկատ վարչապետ դառնալու մի՞տք...

ԳՇ-ի հայտարարությունը բավականին խնդրահարույց է առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, ԳՇ ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի՝ քաղաքականության հետ չպետք է կապ ունենան։ 

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցադրումներին, թե ինչքա՞ն անադեկվատ որոշումներ է կայացրել վարչապետը,  որքա՞ն սահմաններ է հատել, որ ԳՇ-ն և բանակի 40 գեներալները որոշել են, որ վարչապետն այլևս ի վիճակի չէ ղեկավարել, և այլ ելք չկա, քան հրաժարականը։

Ավինյանը շարունակեց՝ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունը և մեր անվտանգության ապահովումը, իսկ քաղաքական հայտարարությունները որևէ կերպ չեն մտնում ԳՇ լիազորությունների մեջ։

Ի պատասխան՝ Սամսոնյանը դիմեց փոխվարչապետ Ավինյանին, թե իր հարցը վարչապետին էր ուղղված․

«Միգուցե թաքուն և աննկատ վարչապետ դառնալու մի՞տք ունեք, որ վարչապետի փոխարեն եք պատասխանում»։

Ավինյանն էլ ի պատասխան՝ ասաց, թե իրենց գործողությունները թաքուն չեն, հրապարակային են, իսկ թաքուն քայլերի և առաջարկների կարող են գնալ 17+ ուժերը։