Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության ազդեցութ...

Չնայած տարվա դեռ մի եռամսյակ էլ կա, սակայն ակնհայտ է, որ եթե ամփոփելու լինենք, ապա ամենից աղմկոտ իրադարձություններից մեկը կարելի կլինի համարել Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը։ Առաջին հայացքից այն կարելի է դիտարկել որպես ռազմաքաղաքական բնույթի գործողություն, ուղղված ֆիզիկապես լիկվիդացնելուն ամերիկյան կողմի աշխարհաքաղաքական հակառակորդի կառավարող վերնախավի ամենավառ ներկայացուցիչներից մեկին։ Սակայն երբեք չպետք է աչքաթող անել այն, թե նման գործողությունները ինչ հետեւանքներ են ունենում Համաշխարհային տնտեսության վրա։

Սուլեյմանիի սպանությունը իրապես բավական լուրջ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա, քանի որ իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այդ սպանությունից առաջ եւ հետո, մատնանշում են, որ գոնե համաշխարհային էներգետիկ շուկայում ինչ որ բան փոխվեց։ Այստեղ առաջանում է մի հետաքրքրական հարց՝ ինչքանով էր գեներալ Սուլեյմանին կապված այն դրամատիկ իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում հիմա համաշխարհային էներգետիկ քարտեղի վրա, մասնավորապես՝ այնքան չարչրկված «Հյուսիսային հոսք-2» գազամուղի ծրագրի իրականացման հետ, նախագիծ, որին խանգարելը դարձել է վերջին տարիներին ամերիկյան հիմնական մտասեւեռումներից մեկը։

Բանն այն է, որ «Հյուսիսային հոսք -2» գազամուղի իրականացումը կնշանակեր ողջ միջազգային հարաբերությունների կոնֆիգուրացիայի փոփոխություն, քանի որ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջատար տնտեսություն ունեցող երկիրը՝ Գերմանիան, այս ծրագրի իրականացմամբ կկարողանար ներկայանալ որպես Եվրոպայի կարեւորագույն որոշումների կայացման կենտրոն՝ տնտեսական եւ քաղաքական օրակարգի մասով՝ ներառյալ նաեւ Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման մասով։ Սա իհարկե չէր կարող չանհանգստացնել ամերիկացիներին եւ հիմնականում նաեւ սա է պատճառը, որ ամերիկյան կողմը ամեն հնարավոր եղանակով փորձում է տորպեդահարել այս նախագիծը։

Մյուս կողմից, Պարսից ծոցում առկա է հսկայական գազի հանքավայր Իրանի եւ Քաթարի միջեւ, որը կոչվում է «Պարս», որտեղ Քաթարը արդեն վաղուց սկսել է աշխատել ի շահ իրեն եւ իր՝ բազմամյա սանկցիոն քաղաքականության տակ հեծող Իրանի։ Այսպես, դեռ 2010 թվականին Քաթարը պայմանավորվել է եվրոպական գազային կորպորացիաների կոնսորցիումի հետ, որպեսզի կառուցել 110 միլիարդ խորանարգ մետր հզորությամբ գազամուղ Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Հորդանանի եւ Թուրքիայի տարանցմամբ։ Իհարկե, այս ծրագիրը ԱՄՆ կողմից լայն աջակցություն է ստանում, քանի որ միակ տարբերակն է, որը կենսագործվելու դեպքում Եվրոպային կազատի ռուսական գազից ծայրահեղ կախվածությունից։ Այս պայմաններում Թեհրանը բազմիցս է խնդրել, որպեսզի Սիրիան հրաժարվել այդ նախագծից մասնակցությունից։