Գախարիան ցույց տվեց Փաշինյանի տապալումը․ կենս...

Հայաստանում գրանցվեց հերթական հակառեկորդը՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակվածների թվով։ Մեկ օրում վարակվածների թիվն ավելացավ 351-ով, մահացությունները՝ 1-ով։ Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը մոտենում է 5000-ի սահմանին եւ այսօրվա դրությամբ 4823 է։

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած թվերի համաձայն 100 ծայրահեղ ծանր դեպք կա։ Ու հենց այս պայմաններում, պահպանելով հանդերձ արտակարգ դրության ռեժիմը, որն արդեն կարծես թե սիմվոլիկ է դառնում, Փաշինյանի կառավարությունը գնաց հակապանդեմիական սահմանափակումների մեղմացման, ընդհուպ, թույլ տալով, որ գործի հանրային տրանսպորտն այն դեպքում, երբ դա համարվում է ամենառիսկային գործոններից մեկը, վարակի տարածման համար։

Հարավային Կովկասում կորոնավիրուսով վարակվածների թվով Հայաստանին զիջում է թե Ադրբեջանը եւ թե հատկապես՝ Վրաստանը, այսինքն թե՝ Փաշինյանի դեմոկրատական կառավարությունը շատ ավելի վատ է իրականացնում կառավարումը, քան բռնապետական Իլհամ Ալիեւի ռեժիմը, էլ չխոսենք, որ Վրաստանում այսօր  վեց վարակման դեպք է գրանցվել, եւ հիվանդացության թիվը նոր նոր մոտենում է 700-ի սահմանին, այն դեպքում, որ մայիսի վերջից Վրաստանը չեղարկում է արտակարգ դրության ռեժիմը, պահպանելով հանդերձ սահմանափակումների զգալի մասը։

Ու, մինչ, Նիկոլ Փաշինյանը ժամեր շարունակ անիմաստ ջուր է ծեծում` ամերիկյան Washington Post պարբերականը Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում է ամենից հաջողվածներից մեկն աշխարհում։ Սա կապ չունի աշխարհաքաղաքական ընտրության, արտաքին կամ ներքին քաղաքականությունների առանձնահատկությունների հետ։ Սա պարզապես կապ ունի կառավարությունների փորձառության, կոմպետենտության, ճիշտ կառավարում իրականացնելու կարողության եւ համանման իրողությունների հետ։

Վրաստանի կառավարությունը գլխավորում է Գեորգի Գախարիան։ Գախարիան մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը, ապա ուսումը շարունակել է արդեն քաղաքագիտության ոլորտում Մոսկվայի պետական համալսարանում, եւ բիզնես ոլորտում Մոսկվայի պետական համալսարանի բիզնես դպրոցում։ Բավական երեւելի պաշտոններ է զբաղեցրել բիզնես աշխարհում տարբեր ընկերություններում, եղել է Վրաստանի ՆԳ նախարարը, մինչ այդ էլ՝ Վրաստանի բիզնես-օմբուդսմանն է եղել, համատեղ կերպով ղեկավարել Վրաստանի կառավարության տնտեսական խորհուրդը, ղեկավարել Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչ խոսք բավական ներշնչող կենսագրություն է։  Ի դեպ, Գախարիան բավական կոշտ քաղաքական գծի կողմնակից է։

Իսկ այժմ դիտարկենք Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը։ Մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանը լիարժեք բարձրագույն եւ հետբուհական կրթություն չունի։ Աշխատել է հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում, ապա արդեն ղեկավարել «Հայկական ժամանակը»։ Նշված պարբերականը իր ղեկավարած տարիներին այնքան էլ աչքի չի ընկել անբասիր լրագրությամբ եւ, ինչպես ցույց տվեցին նրա նախկին գործընկերների հայտարարությունները, զերծ չի եղել տարատեսակ «թաթախումներից»։ ԱԺ պատգամավոր է եղել և որպես ընդդիմադիր պատգամավոր, իհարկե, ցուցաբերել է հռետորական վարպետություն եւ պոպուլիզմ, սակայն սրանով հանդերձ, արդեն վարչապետության ժամանակ, երեւացել է նրա կառավարման ողջ պերճանքն ու թշվառությունը, հատկապես պանդեմիայի շրջանում ցույց տալով, որ վարչապետը տապալել է պետական կառավարումը։ 

Գախարիայի և Փաշինյանի կենսագրությունները, անցած ճանապարհը հստակ ցույց է տալիս Հայաստանի վարչապետի տապալման պատճառը։ Փաշինյանը ունակ չէ ղեկավարել պետական մեքենան, նա չունենալով լուրջ մասնագիտական հմտություններ այնքան ինքնահավան է, որ չի կարողանում իր շուրջ հավաքել մասնագետների, որոնք ճիշտ ճանապարհ ցույց կտան։ Ահա թե ինչու՞ է կարևոր իմանալ մարդու կենսագրությունը, փորձառությունը, մինչև նրան կարևորագույն պաշտոն վստահելը։