Գախարիա. Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի...

Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիք է սկսվում, սակայն խուճապի համար պատճառներ չկան: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Վերջին 3 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ՝ 3 օր առաջ 45, նախօրեին՝ 44, իսկ այսօր՝ 57: Փետրվարի սկզբից երկրում վարակվել է 1830, ապաքինվել 1334 պացիենտ՝ վարակվածների 73 տոկոսը:

«Ինչպես եւ ենթադրվում էր, սկսվել է երկրորդ ալիքը: Մենք այն ակնկալում էինք աշնանը, եւ հենց աշնանն այդ պրոցեսը սկսվեց: Կարեւորն այն է, որ խուճապի համար պատճառներ չկան, իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է»,-ասել է Գախարիան:

Գախարիայի խոսքով՝ համավարակի առաջին իսկ օրերից կառավարությունը գործել է «արագ եւ ժամանակին»:

«Օրինակ, առաջին օրերին, մեր առողջապահական համակարգն անցկացրել է օրական 150 ՊՇՌ թեստ: Այսօր անցկացվում է միջինում 6-7 հազար թեստ, եւ շուտով հնարավորություն կլինի անցկացնել օրական 10 հազար թեստ»,-նշել է վարչապետը:

Հարկ է նշել, որ վարակաբաններն ասում են, որ վարակվածների թվի աճը չի նշանակում համաճարակի երկրորդ ալիք: Մասնագետները թվերի աճը կապուն են թեստավորման ընդլայնման հետ: