Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի․ Փաշինյանի պահա...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախատեսված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, որ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան:

«Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ», - գրել էր Աբրահամյան։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ վերջին մի քանի օրերին վարչապետ Փաշինյանը հաճախ է հանդիպում դատախազության ղեկավար կազմի, արդարադատության նախարարի և իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ։ Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները և հանրության դրանց ակտիվ մասնակցությունը անհանգստացրել է Փաշինյանին։ Նա պահանջել մինչև ընդդիմության հանրահավաքը` «օրինական» ճանապարհներով, Գագիկ Ծառուկյանին կալանավորել։ Ներկաներից ոմանք վարչապետ Փաշինյանին տեղեկացրել են, որ գործընթացը այդքան էլ օրինական կարող է չլինել և ապագայում իրենք կարող են կանգնել պատասխանատվության առաջ։

Փաշինյանը հաստատակամ է եղել իր պահանջում։ Որպեսզի Ծառուկյանին կալանավորելու գործը գլուխ գա, այն «պատահականության» սկզբունքով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը պատվերով դատավճիռներ կայացնելու համբավ ունի։ Մարտիրոսյանը այդ համբավը վաստակել է նախկին իշխանությունների ժամանակից։

Ծառուկյանի կալանավորման հարցը իշխանությունները կարող են հետաձգել, եթե հասկանան, որ հանրային դժգոհության մեծ ալիք է լինելու։  Իշխանությունները նաև պլաններ են մշակում հնարավոր հանրային դժգոհություններին դիմագրավելու համար։ Ծառուկյանը շարքային ընդդիմադիր չէ ու նրա նկատմամբ կոշտ գործողությունները հանրային լայն արձագանք են գտնելու։ Հենց սրանից ելնելով են իշխանությունները դաշտ են նետում «կորոնավիրուսի երկրորդ ալիքի» մասին տեղեկություններ։ Եթե որոշվի, որ կալանավորվելու է Ծառուկյանը, ապա «կորոնավիրուսի երկրորդ ալիքի» անվան տակ կրկին սահմանափակումներ կլինեն, որով կարգելվեն հանրային հավաքները։