Եթե ձերբակալեն Վանեցյանին, ապա պետք է ձերբակա...

Իշխանությունները իրենց սպասարկող իրավապահների եւ հատուկ ծառայությունների համար իսկական գլխացավանք են ստեղծել՝ արդեն մի տարի է ստիպելով ամեն գնով գործ կարել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի վրա։

Բանն այն է, որ Վանեցյանի վրա գործ բացելու հիմքեր ըստ էության չկան, իսկ ահա այն բոլոր դրվագները, ինչպես օրինակ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու ժամանակ ի հայտ եկած ձայնագրությունները կամ էլ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ Փաշինյանի հանձնարարականում անօրինական գործարքի առաջարկ անելու հետ կապված, որոնց առնչությամբ հնարավոր է աղմկահարույց քրեաիրավական պրոցես սկսել, իշխանություններին ձեռնտու չեն, քանի որ այդ դեպքում Վանեցյանի հետ պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ Նիկոլ Փաշինյանը(գուցե նաև միակ պատասխանատուն, քանի որ Վանեցյանը ի պաշտոնե կատարել է իր ղեկավարի առաջադրանքները), իսկ դա սպասարկու իրավապահ համակարգի համար անթույլատրելի տաբու է, որից անցնելը հնարավոր չէ։ Թերեւս սա է պատճառը, որ Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա սկսված պրոցեսը կարճվել է, ինչի մասին իմացանք Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ վերջին այցից հետո արած հայտարարության ժամանակ։

Իրավապահներն էլ են հասկանում, որ Վանեցյանը ամուր կերպով, հազար ու մի թելով կապված է եղել Փաշինյանի հետ, եւ ինչ պրոցես էլ որ սկսեն նրա դեմ, ի տարբերություն Փաշինյանի մյուս ընդդիմախոսների, ակամա նույն փոսում հայտնվելու է նաեւ գործադիր իշխանության ղեկավարը։ Սա ինչ խոսք, Վանեցյանի համար հիանալի հաղթաթուղթ է եւ զսպաշապիկ իշխանությունների համար, որքան էլ դրանից մռմռոցը իշխանավորների համապատասխան մարմնամասերում ուժգին է ու ցավոտ։