Երևանում մարդիկ երբևէ ազգային քաղաքականությու...

Politik.am-ը Արցախի խնդրի շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ․

Պարոն Մարտիրոսյան Արցախում ընտրություներն ավարտվեցին, ձևավորբեց ԱԺ, ընտրվեց նախագահ: Ձեր գնահատմամբ, ե՞րբ կակտիվանան բանակցությունները և ինչպիսի՞ մասնակցություն կունենա Արցախի կողմը:

-Չգիտեմ: Քանի դեռ համաճարակ կա՝ դժվար թե շարժեր լինեն: Եվ որքան հայաստանյան այս իշխանությունները հեռու մնան արցախյան խնդրով զբաղվելուց՝ այնքան ավելի լավ: Սա մի խնդիր է, որ պետք է ազգային-պետական մտածողություն ունեցող մարդկանց վստահվի և ոչ անգաղափար ու ապազգային, տերպետրոսյանական հայացքներ դավանողների մի խմբավորում, որին հեղափոխություն վստահվեց և որն այն վերածեց մասնակի իշխանափոխության: Արցախը Հայաստանի զարկերակն է և այդ հարցում այս ընտրություններն արդեն հետընթաց էին ու առավել վատ գործընթացների սկիզբ:

Կան փորձագիտական շրջանակներ, որոնք պնդում են, որ ռուսական կողմը ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի կարողանան ռուս խաղաղապահներ տեղակայել Արցախում: Դուք ի՞նչ եք կարծում և ինչ փաստեր են խոսում ձեր տեսակետի օգտին:

-Ես կարծում եմ, որ դա շատ մոտ է իրականությանը: Փաստերն ուղղակի չեն, բայց կան հանգամանքներ, որոնք տանում են այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ այսօր Մինսկի խմբում ամենաակտիվ կողմը հենց Ռուսաստանն է: Ակնհայտ է նաև, որ քանի որ Հայաստանյան բոլոր իշխանությունները մեծապես իրենց պահել են վասալի պես և անսահման կախվածության մեջ դրել Հայաստանն իր ավագ դաշնակցից՝ դրանով իջեցնելով Հայաստանի հետաքրքրության և արժեքի գործակիցը Ռուսաստանի աչքերում, դա առավելություն է տվել Ադրբեջանին, որ Ռուսաստանի հետ բարեկամական, բայց խիստ արժանապատիվ հարաբերություններ է կառուցել:

Եվ հիմա Ռուսաստանը, որ Փաշինյանի օրոք անգամ Սերժ Սարգսյանի ռեժիմի ցուցաբերածից ավելի անարժանապատիվ վարքագծի է բախվում Հայաստանում՝ տրամաբանորեն պետք է Ադրբեջանին սիրաշահի՝ հաշվի չառնելով հայկական շահերը: Իսկ Հայաստանում՝ Արցախի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար այնտեղ սեփական ազդեցությունը մեծացնելուն զուգահեռ անհրաժեշտ գործոն է սեփական զորքի առկայությունը, որն առհավետ Արցախը դուրս կբերի Երևանի ամբողջական վերահսկողությունից և նույն Երևանին, Ստեփանակերտի հետ միասին կդնի Մոսկվայի կամքից ուղղակի և անվերապահ կախվածության մեջ: Սա շատ պարզ հանգամանք է և բնական է, որ այդ ուղղությամբ Մոսկվան աշխատանքներ է տանում: Եվ ինչու՞ չպետք է տանի: Եթե Երևանում մարդիկ երբևէ ազգային քաղաքականություն Արցախի հարցում  չեն տեսել, ինչու՞ պետք է իրենք իրենց ազգային շահը չհետապնդեն և զբաղվեն հայկական շահերով: Կրկնեմ. եթե, հատկապես՝ պաշտոնական Երևանում ազգային-պետական շահի գաղափարախոսությունն Արցախի հարցում ինչպես նախկինում՝ այնպես էլ այսօր, մշտապես բացակա է եղել:

Ձեր գնահատմամբ ինչպիսին են Հայաստանի դիրքերը բանակցային պրոցեսում, Փաշինյանի կառավարությանը հաջողվե՞լ է նախկինների համեմատ ուժեղացնել մեր դիրքերը:

-Ոչ չի հաջողվել: Նախկիններն անչափ վատ դիրքեր ունեին: Դավաճանական գիծ էին վարում: Նոր իշխանությունները բացահայտ դավաճանության դեռևս չեն գնում, բայց ընտրած գիծը նույնպես վնասակար է, քաոտիկ, անտրամաբանական և շատ վտանգավոր: Որևէ առաջընթաց չկա և այս ձևաչափով չի էլ կարող լինել: Ներկաների ամենամեծ մեղքն այս հարցում նախկինների ողջ գիծը պահպանելն ու դրան Արցախի բանակցային կողմ դարձնելու անհեթեթ ջանքերն ավելացնելն է, որ պրիմիտիվ հաշվարկի արդյունք է և որի հետևանքով ադրբեջանական կողմը դիվանագիտական հաջող ծուղակներ է լարում Հայաստանի համար:

Կա տեսակետ, որ Արցախը առաջիկայում կարող է մասնակցել բանակցությունների, բայց դրա դիմաց մասնակցելու է նաև ԼՂՀ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցիչը, որը վերջին ընտրություններին մեջլիսի պատգամավոր ընտրվեց: Որքանո՞վ է հավանական այս սցենարը և այն ի՞նչ հետևանքներ կունենա:

-Այսպիսի ապիկար իշխանության պարագայում ամեն բան հնարավոր է: Բայց եթե դա տեղի ունենա, ապա դա վատ, շատ վատ հանգամանք կլինի: Հուսանք, որ այդպես չի լինի: Եվ քանի որ այս իշխանությունն ակնհայտորեն ուղղակի անկարող է որևէ բանական, վճռական և ազգային քայլ անելու՝ մնում է միայն հուսալ, որ այս իշխանության օրոք կտրուկ քայլեր չեն լինի և դրանք կլինեն միայն հաջորդ՝ ազգային իշխանոթւյան օրոք, որը կգա և քաղաքական գնահատական կտա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում թե՛ Տեր-Պետրոսյանի ռեժիմի դավաճանական մոտեցումներին, թե՛ Քոչարյանի ռեժիմի նույնպիսի դավաճանական վարքագծին, թե՛ Սարգսյանի ռեժիմի առավել դավաճանական վարքագծին և թե՛ Փաշինյանի քայլիչների խմբակի ապազգային և անգաղափար մոտեցումներին ու փոխելով ողջ ձևաչափը՝ բոլորովին նոր, ազգային օրակարգով հանդես կգա Ադրբեջանի հետ կոնֆլիկտում: Իսկ դա կարող է լինել միայն մեկ օրակարգ. Հայաստանը լուծել է Արցախի խնդրի մի մասը միայն: Անհրաժեշտ է բանակցել՝ Մեծ արցախի մնացյալ հատվածներն ազատագրելու համար: Մնացած ծաղրածուություններն, ինչպես, օրինակ՝ Արցախի բանակցային կողմ դառնալու մասին թեզը, կամ Արցախի անկախության վտանգավոր գաղափարները պետք է այլևս առհավետ աղբանոց նետվեն: Արցախը Հայաստանի հանրապետության մաս է և Հայաստանը բանակցելու շահագրգռություն պարտված կողմի հետ չպետք է ունենա: