Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակնե...

Երևանում, Գյումրիում, Վանաձորում հուլիսի 1-ից շահառուները կենսաթոշակները, խնամքի նպաստները կստանան բացառապես անկանխիկ եղանակով: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, և կենսաթոշակները, խնամքի նպաստներն անկանխիկ ստանալը կլինի պարտադիր նշված քաղաքներում որոշ խմբի շահառուների համար:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ խոսքը մինչև 75 տարեկան շահառուների մասին է, որոնք չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն:
«Փոփոխության համաձայն, Երևանում, Գյումրիում, Վանաձորում նշված խմբի շահառուներն այլևս չեն կարող ընտրել թոշակի, նպաստի վճարման եղանակը՝ կանխիկ, թե անկանխիկ: Վճարումը լինելու է բացառապես անկանխիկ: Շահառուները կարող են ընտրել միայն վճարող կազմակերպությունը: Այն կարող է լինել որևէ բանկ: Բանկերին հուլիսի 1-ից միանում է նաև «Հայփոստը»,-ասաց Անահիտ Գալստյանը:
Այս փոփոխությունն առնչվում է շուրջ 56 հազար շահառուի, որոնք մինչև հուլիսի 1-ը պետք է դիմեն նախարարության սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ դիմում գրելու համար: Անահիտ Գալստյանը նշեց, որ քաղաքացին կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Օրինակ, եթե գրանցված է Գյումրիում, սակայն ապրում է Երևանում, ապա կարող է դիմել մայրաքաղաքի տարածքային բաժիններ: Եթե ամեն դեպքում քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չի իմացել, չի հասցրել դիմել, ապա համակարգն իր փոխարեն կընտրի թոշակ վճարող կազմակերպությունը: Անահիտ Գալստյանն ընդգծեց, որ այստեղ նույնպես անհանգստանալու խնդիր չկա, քաղաքացին հետագայում կարող է իր ցանկությամբ փոխել վճարող կազմակերպությունը՝ բանկը, ընտրել այն, ինչ ցանկանում է:
«Ամեն դեպքում, որպեսզի խնդիրներ չլինեն, ամսվա սկզբին քաղաքացին չիմանա, թե որ բանկն է իր կենսաթոշակը վճարելու, սկսվեն տեղատարափ զանգերը նախարարություն, թեպետ մենք դրան պատրաստ ենք, հետևաբար, հորդորում ենք մեր քաղաքացիներին անպայման դիմել տարածքային բաժիններ և դիմում գրել: Որևէ բարդ գործընթաց չկա, դիմումի ձևն էլ պատրաստ է, մնում է միայն բանկի անունը լրացնել կամ «Հայփոստը» նշել, եթե դա են ընտրում»,-Անահիտ Գալստյանը:
Հանրապետությունում թոշակի, նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրումը կատարվելու է փուլային եղանակով: Հետագայում այս մոտեցումը կիրառվելու է այլ քաղաքներում, համայնքներում ևս: Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում կենսաթոշակների, նպաստների վճարումն ամբողջությամբ անկանխիկ կատարելու դեպքում պետությունը կխնայի 1 մլրդ 300 մլն դրամ: Քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի հերթեր կանգնել, թոշակը կամ նպաստը տուն բերող փոստատարի այցին սպասել: Բանկից ավելի հեշտացված տարբերակով կարող են ստանալ իրենց թոշակներն ու նպաստները: