Էրդողանի լեզուն կարճացնելու ձեւը հայտնի է

 Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո, թուրքական կողմի առաջին արձագանքը բավական սպասելի էր։ Հատկապես այն առումով, որ Անկարայից հնչեց հետեւյալ հայտարարությունը․ «հայկական կողմը չունի կոնկրետ ապացույցներ, ինչպես նաեւ չկա միջազգային դատարանի որոշում»։

Սա, որքան էլ որ տհաճ լինի մեզ համար, ինչ որ իմաստով, ճշմարտություն է, քանի որ նախ՝ չնայած ծովածավալ փաստեր կան, որոնք վկայում են Հայոց Ցեղասպանության իսկության մասին, սակայն դրանք իրավաբանական բառապաշարով ասած՝ «ապացույց»-ի կարգավիճակ չունեն իրավական առումով, եւ բացի այդ, իրապես չի եղել միջազգային դատարան, որը կզբաղվեր Հայոց Ցեղասպանության հարցով, եւ նաեւ՝ ցեղասպանության իսկությունը փաստող վկայություններին կտար «ապացույցի» իրավական կարգավիճակ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ պետք է սկսել աշխատանքներ տանել այս ուղղությամբ, որպեսզի եղած վկայություններն ստանան ապացույցի իրավական կարգավիճակ եւ ձեւավորվի միջազգային վստահելի դատարան՝ Հայոց Ցեղասպանության հարցի առնչությամբ։

Հայաստանը միայնակ իհարկե այս ամենին հասնել չի կարող, սակայն Սփյուռքի հետ միասին, ճկուն դիվանագիտություն բանեցնելով եւ նույնիսկ աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ քաղաքական լանդշաֆտային փոփոխությունների բարեպատեհ առիթները օգտագործելով կարող է հասնել հաջողության՝ ունենալով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, եվրոպական մյուս երկրների, ինչու չէ նաեւ Ռուսաստանի (եթե իհարկե Մոսկվան որոշի վերջակետ դնել Անկարայի հետ «քաղաքական կրքոտ սեքսով հագեցած սիրավեպին») աջակցությունը նաեւ։ Սա Էրդողանի լեզուն իհարկե կկարճացնի, սակայն միաժամանակ նաեւ՝ թուրք ժողովրդի ուսերից էլ կգցի այն ծանր բեռը, որը կրում են՝ Հայոց Ցեղասպանության ժխտողականության պատճառով։

Եթե ամեն բան ընթանա ճիշտ ձեւով, կարելի է Հարավային Կովկասում ընդհանրապես մթնոլորտը փոխել, ու նաեւ բերել մի այնպիսի իրավիճակի, երբ հաղթահարվի հարյուրամյա հակակրանքն ու նոր էջ բացվի նաեւ հայ-թուրքական հարաբերություններում։ Ի վերջո, քաղաքակիրթ աշխարհը ունի նախադեպ ի դեմս Գերմանիայի, որը Նյուրնբերգյան դատավարությամբ մաքրեց իր վրայից ցեղասպանի պիտակն ու հիմա աշխարհի առաջատար պետություններից է եւ Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվը։