ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Բաքու

ԵԽԽՎ-ը սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը, ով փաստահավաք առաքելությամբ հաջորդ շաբաթ` հուլիսի 26-28-ը այցելելու է Ադրբեջան:

Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության, եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:

«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին», - հաղորդում է Վեհաժողովը, հավելելով, - «այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:

Ավելի վաղ` մայիսին, իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան: