Չէ՞, որ չեն կարող պատերազմում և՛ հաղթած, և՛ պ...

Էդմոն Մարուքյանը հրապարակել է իր գրությունը Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վերջինիս միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահին՝ Կոմանդոսին շնորհելու ՀՀ բարձրագույն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում: Այն, որ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը ոսկե տառերով է գրված մեր պատմության մեջ ու այդպես էլ մնալու է հայ ժողովրդի հիշողության մեջ, ակնհայտ է՝ նման կոչում երբևէ նրան շնորհվի, թե ոչ. այդ կոչումը մեր ժողովուրդը Կոմանդոսին վաղուց տվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

«Ինձ զարմացնում է լրիվ ուրիշ բան: Եթե Էդմոն Մարուքյանի ընկալումներում Կոմանդոսը հերոս է, որովհետև Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն է ղեկավարել, ապա ո՞վ կամ ի՞նչ է նա, ում ղեկավարությամբ հանձնվել է նույն Շուշին, ապա նաև որակվել իբրև դժգույն և դժբախտ քաղաք: Ինչպե՞ս կարելի է մարդասպանին առաջարկել գնահատել իր զոհի կյանքի արժեքը:

Կամ, եթե Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ Ազգային հերոսի կոչում է շնորհել ԱԻ նախարար Փիլոյանին՝ պատերազմում ձախողվելու ու տարածքներ զիջելու համար, ապա այդ ո՞ր տրամաբանությամբ է բարոյական, որ նույն անձը նույն բարձրագույն կոչումը շնորհի դրա լրիվ հակառակն արած զորահրամանատարին՝ Կոմանդոսին: Չէ՞, որ չեն կարող պատերազմում և՛ հաղթած և՛ պատերազմում պարտված հրամանատարները երկուսն էլ հերոս լինել նույն իշխանության համար:

Հ.Գ. Էդմոն, եթե Նիկոլին առաջարկ ունես, ապա բարեկամաբար ասա թող կիլոմետրերով հեռու մնա այն ամենից, ինչը դեռ տեսականորեն կարող է համախմբել հայ ժողովրդին՝ պատերազմի հիշողություն, իրական հերոսներ, սպորտ, ֆուտբոլ և այլն: Սատանան ի՞նչ գործ ունի լույսի հետ»,- գրել է Սամվել Ֆարմանյանը:

Նշենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ առաջարկել է Նիկոլ Փաշինյանին՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհել ՀՀ Ազգային հերոսի կոչում: