Ճակատագրական որոշում Փաշինյանի համար․ Քյարամյ...

Հայաստանում, ուժային համակարգի ղեկավար կազմում արված վերջին փոփոխությունները, բավական տարակուսանքի տեղիք են տալիս։ Եթե ԳՇ պետի եւ Ոստիկանապետի մասով դեռ խնդիրները միայն վարչապետ Փաշինյանի հետ անձնական վստահության, համերկրացի լինելու փաստով կարելի է համարել, ապա ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում առհասարակ պետք է ֆիքսել, որ կադրային սխալ նշանակման հետ գործ ունենք, որը կարող է ի վերջո շատ թանկ նստել հենց Փաշինյանի վրա։

Ոլորտի մասնագետները նկատում են, որ նույնիսկ ոչ բարձր պաշտոնների նշանակվելու համար ԱԱԾ-ում պետք է ունենալ առնվազն երեքից հինգ տարվա օպերատիվ աշխատանքի փորձ, մինչդեռ Քյարամյանի դեպքում կայծակնային թռիչքները նույնիսկ բլանկի գերբը փոխելու համար ժամանակ չի թողել, ուր մնաց օպերատիվ աշխատանքը։

ԱԱԾ-ն, որպես ուժային համակարգի մաս, յուրահատուկ օրգանիզմ է, որն ունի իր գրված ու չգրված օրենքները եւ որը համարվում է փակ ու ինքնաբավ կառույց, եթե կուզեք՝ պետության մեջ պետություն։ Սա միայն Հայաստանին կամ միայն հետսովետական տարածքի երկրներին հատուկ իրականություն չէ։ Միացյալ Նահանգներում էլ է այդպես, Մեծ Բրիտանիայում էլ, Իսրայելում էլ։ Սա այն համայնքն է, որը չի ընդունում ոչ յուրայինի, եւ ապրում է ու գործում այնպիսի ինֆորմացվածության պայմաններում, երբ պարզապես չկա մի ինֆորմացիա, որին չտիրապետեն հատուկ ծառայությունները։

Այդ համակարգում, եթե կոնկրետանանք արդեն Հայաստանի վրա, կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքն են նվիրել, որպեսզի հասնեն գնդապետի, առավել եւս գեներալի աստիճանի։ Չմոռանանք, որ ԱԱԾ-ն է տնօրինում հետախուզությունն ու հակահետախուզությունը, արտաքին հետախուզությունը, թշնամական երկրներում լրտեսական ցանցերը եւ այլն։ Այստեղ մարդիկ են աշխատում, որոնց մասնակցած օպերացիաները դեռ տասնամյակներ շարունակ մնալու են «հույս գաղտնի» գրիֆի ներքո, ու քսանիննամյա երիտասարդի ներկայությունը, նրանց մոտ միայն կարող է հեգնական ժպիտ առաջացնել։

Չմոռանանք նաեւ, որ հայկական պետանվտանգության համակարգը, խորհրդային ժամանակների լավագույններից է եղել եւ այսօրվա ԱԱԾ-ն ինչ որ իմաստով այդ դպրոցի շարունակողն է։ Եվ ուրեմն, ինչպես կարող է Արգիշտի Քյարամյանն օրինակ համեմատվել Գորիկ Հակոբյանի հետ։

Այն թեզը, թե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ Գեորգի Կուտոյանն էր անփորձ, չի աշխատում, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինքը գիտակցական կյանքի մեծ մասը հատուկ ծառայություններում եւ ուժայիններում աշխատանքի եւ ղեկավարելու փորձ ունի, եւ բոլորը գիտեին, որ Կուտոյանը ԱԱԾ-ում պարզապես Սերժ Սարգսյանին է ներկայացնում, իսկ բոլոր հարցերը լուծում է Սարգսյանը, որպես այդ համայնքում ընդունված մարդ, եւ ոչ թե որպես սոսկ այդ համակարգը ի պաշտոնե, որպես նախագահ ղեկավարող։

Եվ ուրեմն, ինչպես են վերաբերվելու Քյարամյանին ԱԱԾ-ում կյանք դրած մասնագետները։ Եթե անկեղծ, ապա չեն էլ վերաբերվելու, ինչպես օրինակ չվերաբերվեցին ԱՄՆ-ում Մայք Պոմպեոյին, ով այդպես էլ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից չհամարվեց յուրային եւ ի վերջո եկավ Պետդեպարտամենտ։ Ու սա բերելու է նրան, որ ԱԱԾ-ն օտարանալու է Փաշինյանից, ինչը կարող է ճակատագրական լինել հենց Նիկոլ Փաշինյանի համար։

Ի դեպ, ռուսական պատմությունից մի շատ տխուր դրվագ կա, որը տեղին է հիշեցնելը․ Ելիզավետա Պետրովնայից հետո ռուսական գահը ժառանգեց Պյոտր 3-րդը, ում համարում էին ծաղրածու եւ խեղկատակ։ Ռուսական ընկալումներում օտարամոլության խորհրդանիշ Պյոտրը (նա անթաքույց իրեն համարում էր այդ ժամանակվա գերմանական-պրուսական միապետ Ֆրիդրիխ 2-րդի երկրպագուն եւ համարում, որ արժանի է Ֆրիդրիխի բանակում գեներալ լինելու, ինչը ավելի պատվաբեր է, քան ռուսական կայսերական թագը) գահ բարձրանալուց հետո քայքայում է այն ժամանակվա պետական անվտանգության համակարգը կամ «Գաղտնի գրասենյակը», որի արդյունքում էլ մի քանի ամիս անց գահընկեց է արվում պալատական հեղաշրջմամբ եւ Օրիենբաումի պալատում եղերական ավարտում իր կյանքը։