Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զ...

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը աճել է` հասնելով 135-ի, մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է, 300 հազարը մնացել են անօթևան: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ մարդիկ են մնում:

Փրկարարները շարունակում են փնտրել ավելի քան 100 մարդու, որոնց ճակատագիրը անհայտ է: Պայթյունի ալիքը նավահանգստի աշխատողներից ոմանց ծով է նետել: Պայթած ամոնիումի նիտրատը պահվում էր նավահանգստում 2014 թվականից, այն առգրավվել էր ռուս գործարար Իգոր Գրեչուշկինին պատկանող Մոզամբիկ ուղևորվող նավից:

Երեկ Լիբանանի նախարարների կաբինետը որոշեց տնային կալանք պահանջել նավահանգստի բոլոր այն աշխատակիցների համար, որոնք պատասխանատու են եղել վտանգավոր նյութերը պահելու հարցում:

Պայթյունը նաև պարենային ճգնաժամի վախ է առաջացրել. Լիբանանը իր պարենի մեծ մասը ներմուծում է, իսկ պայթյունների հետևանքով ավերված նավահանգստի պահեստներում հացահատիկի մեծ պաշար էր պահվում: Լիբանանի էկոնոմիկայի նախարարն արդեն հայտարարել է, որ այդ պահեստներում մնացած հացահատիկը այլևս պիտանի չէ սննդում օգտագործելու համար: