Բեյրութի նավահանգստում հրդեհը մեկուսացվել է

Բեյրութի նավահանգստում հրդեհի տարածման վտանգ չկա. հրդեհի օջախը մեկուսացվել է, Լիբանանի NNA լրատվական գործակալությանը հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ռեյմոն Հաթարը:

Հաթարը հերքել է «կրակի տարածման ցանկացած մտավախությունը, քանի որ քաղաքացիական պաշտպանության ուժերը և հրշեջ ջոկատներն ամբողջությամբ շրջապատել են կրակի տարածքը և մեկուսացրել օջախը», գործակալությունը մեջբերում է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավարի հայտարարությունը:

Այսօր ավելի վաղ Հաթարը խնդրում էր բեռնատարների տերերին շարժվել դեպի Բեյրութի նավահանգիստ՝ հրշեջ մեքենաները ջրով լցնելու համար:

Հինգշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստի ազատ մաքսային գոտում: Դրա մարմանը մասնակցել է 16 մարտական հաշվարկ ու ուղղաթիռներ: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի՝ հրդեհի հետևանքով զոհեր չկան: