ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է շտապ դիմե...

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ չի տալիս կամայական մոտեցմամբ անվերջ երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, այլ խոսքով՝ դա «կայունացնել» ու դարձնել «սովորական» ռեժիմ։ Այնուամենայնիվ, համավարակի առաջին ամիսներին մենք ըմբռնումով մոտեցանք արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը՝ դա համարելով գործուն միջոց կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։

Ցավոք, կառավարությունն ոչ միայն արդյունավետ չօգտագործեց ԱԴ գործիքակազմը համավարակի դեմ պայքարում, այլ, ըստ էության, ձախողեց իր հակահամաճարակային քաղաքականությունը՝ արտակարգ դրության ռեժիմը վերածելով իմիտացիայի։ Ավելին՝ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը բավարար ժամանակ ունեին, որպեսզի նորացնեին դեռ 90-ականներին ընդունված հակահամաճարակային օրենսդրությունը ու ձեռնպահ մնային արտակարգ դրությունը երկրում երկարաձգելու, ըստ էության, հակաիրավական քայլից։

ԱԴ-ն չի նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությանը, սակայն սահմանափակել է քաղաքացիների սահմանդրական բազմաթիվ իրավունքներ, ծառայել է քննադատական խոսքը լռեցնելու նպատակին։ Ակնհայտ է, որ իշխանությունը չի գնա խաղաղ հավաքների տոտալ արգելքը վերացնելու քայլին։ Ուստի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է շտապ դիմեն Սահմանադրական դատարան՝ այս ակնհայտ հակասահմանադրական արգելքը վերացնելու պահանջով։

Լիլիթ Սիլանյան

ԴԱԿ