Այսօր Գագիկ Ծառուկյանի և վարչապետի հանդիպում...

ԲՀԿ-ն դեռ քննարկում չի ունեցել արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նոր հրապարակային առաջարկի և հանդիպման մասին։ Այս մասին հայտնեցին ԲՀԿ պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցների ժամին։

«Ձեռնպահ ենք մնալու անհատական տեսակետներ ներկայացնելուց»,-նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ երկրում կա քաղաքական ճգնաժամ, իրենք կողմ են արտահերթ ընտրություններով այդ ճգնաժամը լուծելուն, բայց խնդիրը դրա ժամկետների մեջ է։

Տոնոյանն էլ որպես ճգնաժամի փաստ վկայակոչեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քննարկումը ԱԺ-ում․

«Մենք երեք օր ականատես էինք լինում Խորհրդարանում ծավալվող իրադարձություններին, ԲԴԽ նախագահ-«Իմ քայլը» խմբակցություն երկխոսությանը, որը հանգեցրեց ոչնչի, ինչը ռեսուրսների, ԱԺ աշխատանքի վատնում է։ Իշխանական պատգամավորները լծված էին ԲԴԽ նախագահին անարգանքի սյունին գամելով, եթե անձնապես ԲԴԽ նախագահի նկատմամբ իշխանությունների կողմից կար վերապահում, թեկնածուների հետ կապված որևէ բովանդակային վերապահում չլսեցի ու չհասկացա»,-նշեց Տոնոյանը։

Վերջինս հավելեց՝ երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը ժողովրդի առաջ զոդվում են ԱԺ դարպասները։

Տոնոյանը նաև նշեց, որ այսօր Գագիկ Ծառուկյան և վարչապետ հանդիպում նախատեսված չէ։