Այս իշխանությունը ևս կարող է գնալ պատերազմի մ...

Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ․

Պարոն Մարտիրոսյան. Ձեր գնահատմամբ ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ։ Լավրովը հայտարարեց, որ քննարկվում է փուլային լուծման տարբերակ ու Հայաստանի իշխանությունները Փաշինյանի և Մնացականյանի բերանով ըստ էության հաստատեցին։

Այդ հարցին կարծում եմ՝ արդեն անդրադարձել եմ: Հայկական կողմի հերքումը կիսատ-պռատ էր ու այնպիսին էր, որ ակնհայտ է դառնում, որ այո՛ բանակցել են փուլային տարբերակի վերաբերյալ և որ այո՛ բանակցություններ եղել են: Այն՝ ինչ իրենք երկու տարի է ասում էին, որ չեն անում և այն՝ ինչի առկայության վերաբերյալ մենք անընդհատ պնդում էինք: Իսկ այդ երկու հանագամանքն էլ անթույլատրելի, աններելի փաստեր են: Բայց որ իրոք մտահոգիչ և բացարձակապես անմարսելի է՝ այն է, որ վարչապետն օրեր առաջ հայտարարեց թե. «Ինչ ուզենանք՝ այն էլ բանակցելու ենք»: Դրանից ավելի մեծ ապտակ սեփական ժողովրդին և ավելի առանց ամաչելու արտահայտություն՝ դժվար է պատկերացնել:

Տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում մենք արձանագրել ենք այն հակասությունները, որոնք կան Փաշինյանի խոսքում Արցախի խնդրի մասով։ Ինչու՞ է վարչապետն ասում, որ բանակցություններ չկան, սեղանին փաստաթուղթ չկա, իսկ հետո ստիպված ընդունում է, որ և բանակցություններ կան և կա քննարկվող փաստաթուղթ։

Բացահայտորեն այդպես էլ չեն ընդունել: Բայց հակասող բաներ են ասում, որովհետև կարող են, որովհետև իրենց դա առայժմ ներվում է, որովհետև գիտեն, որ ունեն նվիրյալ պաշտպանների մի ստվար զանգված, որ նոսրանում է, բայց դեռ կա ու դեռ երկար կլինի: Իսկ ինչու՞ են բանակցում, ինչու՞ են երեսուն տարվա բանակացային բովանդակությամբ բանակցում և ինչերի՞ են պատրաստ՝ ամենևին դժվար չէ կռահելը: Երեսուն տարի այդպես է եղել և հիմա՝ գալով իշխանության, այս խմբակը ոչինչ չի էլ փոխել այդ հարցում: Եվ բանակցում են: Եվ բանակցելու են: Եվ պարտվելու ենք, եթե այդպես շարունակվի: Նախ՝ դիվանագիտական ասպարեզում, իսկ հետո՝ բացառված չէ, որ նման մոտեցումներով ռազմական փուլում էլ լուրջ ձախողումներ ունենանք: Ժողովուրդը պետք է սթափվի: ԼՏՊ-ՌՔ-ՍՍ-ՆՓ բանակցային դավաճանական բովանդակությամբ անշեղ ուղեծրից պետք է Հայաստանը դուրս գա: այլ տարբերակ մենք չունենք:

Պարոն Մարտիրոսյան. ինչպես նշեցիք՝ վերջերս վարչապետ Փաշինայնը հայտարարեց, որ «ինչ պետք է՝ էն էլ բանակցում ենք»։ Չներկայացրեց մանրամասներ ու հայտարարեց, որ իրենց միայն ժողովուրդը կարող է պատասխանատվության կանչել։ Ի՞նչ պետք է անել, երբ վարչապետը հրաժարվում է հաշվետու լինել և ժողովուրդ է համարում միայն իրեն ընտրողներին։

Պատասխանը շատ պարզ է և այն հուշել է Փաշինյանը, որն էլ մեջբերեցիք Դուք Ձեր հարցում. կանչել պատասխանատվության և ենթարկել պատասխանատվության: Օրինական, ժողովրդական պատասխանատվության: Նախ՝ մասսայական, հանրային, հասարակական դժգոհության տեսքով և ապա՝ քվեատուփերի միջոցով: Եթե, իհարկե, մինչ այդ, այս իշխանությունն իշխանություն մնա: Եվ Աստված մի արասցե, եթե հանկարծ այդ գործընթացներում նախկին ռեժիմը կամ նրա հետ կապված նոր որոշ ուժեր դերակատարում ունենան: Պատասխանատվության կանչելու բոլոր օրինական և ժողովրդավարական գործիքակազմերը պետք է կիրառվեն իսկական հայկական՝ ազգային ուժերի կողմից:

Փուլային լուծումը իրենից ենթադրում է առաջին հերթին Արցախի հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին։ Իշխանության նման կասկածելի պահվածքը ձեզ ի՞նչ է հուշում. կգնա՞ն նրանք նման որոշման, կդավաճանեն հայ ժողովրդի շահերը։

Հայ ժողովրդի շահերին այս նոր իշխանությունները, իմ համոզմամբ, վաղուց են դավաճանել: Բայց այդպիսի բացահայտ քայլի չեն գնա: Ոչ թե որովհետև չեն ուզում, այլ՝ որովհետև չեն կարող: Իմ համոզմամբ՝ ուզենալով գնալ նման քայլի՝ անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չգնացին թղթով ու ստորագրությամբ տարածք հանձնելու ուղով: Իմ կարծիքով և համոզմամբ՝ Սերժ Սարգսյանն այդ դավաճանական քայլին գնաց՝ համաձայնելով ապրիլյան պատերազմին, որում իմ կարծիքով՝ խոստացել էր պարտվել և դրանով Ադրբեջանին հանձնել այդ «առաջին» փուլի հայկական առաջին պաշտպանական գոտին, որն ինքը մեր հայրենիք չէր համարում: Այս իշխանությունը, կարող է հենց նույն լուծումն ընտրել: Դրան ես առաջ չէի հավատում: Հիմա՝ սկսել եմ արդեն լրջորեն կասկածել: Մյուս տարբերակն այն է, որ որոշակի ծանրագույն ճնշման պայմաններում կարող է այս վարչապետի խոստացածի պես գան և ասեն, որ ունեն լուծման մի տարբերակ և այն ներկայացնեն ժողովրդին՝ հանրաքվեի: Եվ չեմ զարմանա, եթե ժողովրդի մի ստվար զանգված Երևանում կամ Ստեփանակերտում կողմ քվեարկի, որովհետև իրենց այդպես կուղղորդեն Երևանում Փաշինյանը, իսկ Ստեփանակերտում՝ Հարությունյանը: Մի հասարակություն, որ շարունակում է հավատալ քայլիչների թիմին Երևանում, իսկ Ստեփանակերտում այսպիսի նախագահ է ընտրում այսպիսի համաճարակային պայմաններում և դրան գումարած դառնում է միակ ժողովուրդը, որ լիովին բարձիթողի է անում կորոնավիրուսի դեմ ներպետական պայքարը՝ ակնհայտորեն ընդունակ է բազում ինքնասպանական որոշումների և գործողություների: Ցավալի է, բայց այլևս թերևս փաստ է:

Պարոն Մարտիրոսյան. ինչու՞ հենց Լավրովը արեց տեղեկատվության այս արտահոսքը: Ի՞նչ են շահում ռուսները, երբ բացահայտում են բանակցությունների մանրամասները և արդյո՞ք առանց մյուս համանախագահ երկրների թույլտվության Լավրովը կաներ նման հայտարարություն։

Լավրովը ռուսական իսթեբլիշմենթում՝ նախագահից հետո ամենավստահելի պետական գործիչն է ներռուսաստանյան կյանքում: Բնական է, որ արտասահմանում նույնպես նա ընկալվում է հեղինակության առումով որպես երկրորդ ծանրակշիռ դերակատար այդ երկրում: Եվ հայտնված տեղեկությունը, մանաանդ, որ այն դիվանագիտական բնույթի էր՝ միայն Լավրովը կարող էր հանրայնացնել: Ի՞նչ են շահում ռուսները: Շահում են այն, որ դրանով սասանում են Փաշինյանի դիրքերը հենց Հայաստանի ներսում և դրանով նրան հակում կա՛մ ավելի մեծ և իրական զիջումների և կա՛մ ուղղակի հոգնելով նրա խոստումներից, որոնք ամենալուրջ այդ հարցում չեն իրականացվում՝ փորձում են այլևս պատժել նրան: Ըստ էության, թերևս գործ ունենք այս թվարկված և մի քանի այլ գործոնների համադրության հետ: Մոսկվան այս հարցում շատ բան է շահում: Կորցնում է Փաշինյանը, որի արդյունքում կորցնելու է Հայաստանն ընդհանրապես: Բայց, ինչպես բազմիցս ասել եմ, ես այդ հարցում Մոսկվային չեմ մեղադրում: Չկա դիմադրություն, չկա ազգային մոտեցում խնդիրներին, չկա ոչ մի նորմալ պահվածք Երևանում և բնական է, որ այդպիսի պայմաններում՝ պահանջներն ու գործողություններն այլ գործընկերների կողմից նման կերպ են լինելու:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ առանց մյուս համանախագահների թուլտվության Արցախի հարցում գործողություններին ապա պետք է հասկանանք, որ մեծ հաշվով ԱՄՆ-ին և Ֆրանսիային Արցախի հարցը շատ քիչ է հետաքրքրում, եթե, ընդհանրապես հետաքրքրում է: Մինչդեռ այն ռազմավարական և տարածաշրջանայաին առաջնային կարևորության խնդիր է հենց Ռուսաստանի համար: Եվ այստեղ Ռուսաստանը վաղուց է միայնակ խաղում և վաղուց է սեփական օրակարգը հետապնդում: Ու քանի որ Հայաստանի հետ Ֆրանսիան քաղաքական որևէ լուրջ հույսեր չի կապում և բարի, եղբայրական, բայց ոչ ռազմավարական հարաբերություններ Փարիզի հետ չկան՝ մեծ հաշվով Փարիզի համար միևնույն է թե այս ճակատում ինչ է կատարվում: Եվ դա նույնպես հասկանալի է:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ ապա նախ՝ Վաշինգտոնը իզոլիացիոնիստական ուղի է բռնել այս վարչակազմով և հետո՝ հիմա ԱՄՆ-ը շատ ավելի մասշտաբային խնդիրներով է զբաղված: Եվ երրորդ հանգամանքն այն է, որ քանի որ Երևանը ամերիկյան շահերի տեսանկյունից՝ արդեն շուրջ տասնհինգ տարի է համարվում է կորած և կորսված, իսկ ավելի շուտ՝ Ռուսաստանի ազդեցությանն անդառնալիորեն հանձնված մի տարածք՝ այստեղ սուր առճակատման հիմքեր դիրքորոշման առումով Ռուսաստանի հետ Վաշինգտոնն ավանդաբար չի տեսնում: Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում, ինչպես և նախկին ռեժիմների օրոք՝ արտաքին քաղաքականության համար պատասխանատու նոր-հին անձինք ևս, նախկինի պես չեն գիտակցում թե ուր են գնում, ինչ են անում և ուր է այս ամենը տանելու:

Եվ այդպես՝ դատարկ խոսքերի կույտեր շաղ տալով՝ ոմանք շարունակում են նախկինների հակազգային, հակապետական գիծն Արցախի հարցում: Շուտով կարող ենք և ունենալ Երևանից իրապես անկախ Արցախ և դա կլինի մի սցենար, որ ոչ թե մեզ բարօրություն և երջանկություն կբերի՝ այլ՝ դժբախտություն և կործանում: Բայց դա մեր բնավորությունն է. անտեսել վտանգները մինչև դրանք իրականությու դառնան: Հետո՝ հերոսաբար նետվել կրակի մեջ և ներսից, սեփական կյանքի գնով այն հերոսաբալ մարել ու զոհվել: Մենք ժամանակի և իրականության անճիշտ պատկերացումներ ենք ձեռք բերել վերջին տասնամյակներին և դա մեզ դեռ երկար է խանգարելու արժանապատիվ և բանական պետություն դառնալու գործում: