Արտագնա աշխատանքի մեկնողները կարեւոր տեղ են ո...

 Կորոնավիրուսային համավարակը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ խորհրդային տարածքում բերեց նաեւ տնտեսական բավականին ծանր ճգնաժամ։ Մեր ռեգիոնի տնտեսական կառուցվածքն այնպիսին է, որ բավականին մեծ է ազդեցությունը Ռուսաստանի տնտեսությունից, եւ այնտեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն այս կամ այն չափով ազդում է նաեւ մեզ վրա։

Համավարակով պայմանավորված ռուսական տնտեսությունը բավականին ծանր վիճակում հայտնվեց, թեեւ հիմա սկսվել է վերականգնումը։ Իրավիճակն այնքան լուրջ էր, որ նույնիսկ Մոսկվայում պլանային շինարարությունն ու նորոգությունների ոլորտը կարելի էր ասել՝ կանգ էր առել․ առկա էր աշխատուժի լուրջ դեֆիցիտ։ Դա խոստովանում էին նաեւ ռուսական իշխանությունները՝ տարբեր մակարդակներում։ Այժմ ինչպես ժողովուրդն է ասում՝ դեպի Ռուսաստան «ճանապարհների բացումով», ըստ էության ռուսական կողմը փորձում է լրացնել իր աշխատուժային դեֆիցիտը, որը օրինակ շինարարության ոլորտում հասնում էր մինչեւ 80 տոկոսի, իսկ մյուս ոլորտներում՝ 50 տոկոսի։

Այլ կերպ ասած՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները հանդիսանալու են կարեւոր գործոն Ռուսաստանի տնտեսության վերականգնման համար, բացի այն, որ նաեւ լուծվում է լուրջ սոցիալական խնդիր՝ Հայաստանում ապրող ընտանիքների, հարազատների՝ գոնե նվազագույն ապրուստի միջոցների հոգալու տեսակետից։ Ի դեպ, ռուս տնտեսագետները սա արձանագրում են, նկատելով, որ Հայաստանից ժամանած աշխատուժը լավ պատրաստված է մասնագիտական առումով, եւ ընդհանրապես՝ Հայաստանից գնացողները աշխատասեր մարդիկ են, եւ ամենից կարեւորը՝ ռուսական ներքին քաղաքականությամբ չհետաքրքրվող, ինչը նույնպես կարեւոր է այդ երկրի համար։