Արմեն Սարգսյանը վաստակել է դավաճանի պիտակը, ո...

Արմեն Սարգսյանը վաստակել է դավաճանի պիտակը։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ուզում եմ ներողություն խնդրել, որովհետեւ ես 2018 թվականին եղել եմ Արմեն Սարգսյան կոչեցյալի նախագահության համար կողմ քվեարկողներից մեկը՝ թեեւ խիղճս հանգիստ է․ չեմ գովել, ուրախ չեմ եղել, բայց մտածել եմ, որ մարդը գուցե ունի անցած ճանապարհ, իսկ ես՝ երիտասարդս, իրավունք չունեմ ինչ-որ մեկի անցած ճանապարհը։ Չկա մարդ, որը չի սխալվում, բայց կան իրավիճակներ, որոնցում դու պետք է հասկանաս, որ քո սխալը ծայրահեղ բարձր գին ունի։ Պատերազմից հետո բոլոր պաշտոնյանների արարքների գինը չափազանց բարձրացրել է։ Վարչապետ կոչեցյալի սխալը հազարավոր հայորդիների գին արժեցավ, ու մենք այսօր կանգած  ենք պետականության կորստի առաջ։ Արմեն Սարգսյանն այս տարիների ընթացքում բազմիցս մոռացել է, թե ինչ պետք է անի եւ մոռացել է պետական շահի մասին։ Նա նախագահ է աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ես կխնդրեմ, որ այն տիտղոսը, որը դուք ասում եք Նիկոլին՝ դավաճան, իրեն եւս ասեք, որովհետեւ նա վաստակել է դավաճանի պիտակը, որովհետեւ ինքն անգամ չկարողացավ իր խոսքի տերը լինել՝ ասաց սահմանադրական չէ Օնիկ Գասպարյանի ազատումը, բայց հետո այդ մասով չդիմեց Սահմանադրական դատարան։ Նա դավաճանել է բոլորիդ վստահությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ վարչական դատարանը կարող է չեղարկել Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը։

«Վարչական դատարանը կարող է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի եւ մնացած դավաճանների որոշումը չեղարկել։ Խնդրում եմ բոլորիդ, որ ձեր պահանջը դառնա ոչ թե այն, որ ճնշում գործադրենք դատարանի վրա, այլ հորդորենք դատարանին, որ դատարանը կայացնի օրենքով համապատասխան որոշում։  Բայց դա չի նշանակում , որ մեր պայքարը պայմանավորված է դրանով եւ ավարտվում է դրանով»,- նշեց Հովհաննիսյանը։