Արցախում ընտրություններ կազմակերպելը կարող է...

Արցախում կարծես թե կրկին գլուխ է բարձրացնում ներքաղաքական անհասկացողությունը։ Բանն այն է, որ Արցախի ԱԽ վերջին ընդլայնված նիստին ընդդիմադիր ուժերը ներկայացնող ֆրանցկիաները՝ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ ԱԺԿ-ն, հրաժարվել են մասնակցել։ Նրանք կարծում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտում է իր իսկ տված խոստումները, որոնց մասին հայտարարել էր դեկտեմբերյան իր ուղերձում։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Արցախի համար բոլոր կարեւոր հարցերը այլեւս որոշվելու են ԱԽ նիստում։ Սակայն սրանով հանդերձ, նա ինքնուրույն է որոշել, որ մինչեւ 2022 թվականի մարտի մեկը Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն լինելու։

Ընդդիմադիրները սա համարում են որպես միանձնյա եւ ինքնակամ որոշում, իսկ ավելի կոնկրետ ապահովագրում, որ առնվազն մեկ տարի արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Կա նաեւ դժգոհություն այն բանի հետ կապված, որ իրական եւ լուրջ բարեփոխումներ չեն իրականացվում, եւ կադրային քաղաքականությունն էլ մի ընդունելի բան չէ։ Այս ամենն իհարկե լիովին հասկանալի է։

Կադրային քաղաքականության եւ բարեփոխումների խնդիրը դեռ թողելով մի կողմ, արձանագրենք․ որ գուցե եւ Արայիկ Հարությունյանը իրոք ուզում է իրեն ապահովեագրել մինչեւ 2022 թվականի մարտի մեկը, սակայն չպետք է մոռանալ սակայն մի քանի կարեւոր հարցեր․

• 44-օրյա պատերազմից եւ նոր ստատուս-քվոյի հաստատումից, հատկապես՝ ռուս խաղաղապահների տեղակայումից, Ադրբեջանի դիրքերի ուժեղացումից հետո եւ Արցախի համար կարեւորություն ունեցող մյուս հանգամանքները հաշվի առնելով, պետք է արձանագրել, որ Արցախում հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է, որը թելադրում է արդեն իր կանոնները․ մասնավորապես:

• Եթե մինչեւ վերջին պատերազմը Արցախը կարող էր կազմակերպել ինքնուրույն կերպով տարբեր մակարդակների ընտրություններ, ապա այժմ դա անել հնարավոր չէ․ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախում դրության տերը արցախցին էր, կար ստատուս քվո, որը ենթադրում էր այն իրականությունը, որը կար այն ժամանակ։ Ավելի պարզ ասենք․ նախապատերազմական իրականությունն այնպիսին էր, որ չնայած Արցախը չուներ ոչ մի ճանաչում, սակայն այդ տարածքի վրա ապրում էին մարդիկ, որոնք պետք է ինչ որ կերպ կազմակերպվեին իրենց կենսագործունեությունը իրականացնելու համար եւ Արցախի փաստական իշխանությունների ձեւավորումը նույնիսկ միջազգային հանրության կողմից հասկանալի էր, անկախ այն հանգամանքից, թե դրանք որքանով էին միջազգայնորեն ճանաչված կամ լեգիտիմ կամ ոչ, որպես այդ տարածքում ապրող մարդկանց կյանքը կազմակերպելու կոչված փաստական իշխանության մարմիններ․ ի դեպ եթե ուշադիր նայենք, ապա ՄԽ այն հայտարարություններում, որտեղ խոսվում է այն մասին, որ համանախագահները հանդիպել են նաեւ Արցախի իշխանությունների հետ, կիրառված տերմինաբանությունը հենց այդպիսին է՝ «ԼՂ փաստական իշխանություններ»։

• Նախքան պատերազմը Ղարաբաղյան բանակցային գործընթացը լավ կամ վատ, արագ կամ դանդաղ, բայց ընթանում էր գծված հունով:

• Պատերազմից եւ հատկապես եռակողմ հայտնի հայտարարությունից հետո, երբ ամեն բան կարծես թե արագանում է Ղարաբաղյան խնդրում, այլեւս նախկին ռեժիմով գործել հնարավոր չէ․ որովհետեւ եթե Արցախում որեւէ ընտրություն կազմակերպվի, ապա դա խնդիր է լինելու նախ հենց Արցախի համար, ապա Հայաստանի համար, ապա՝ Ադրբեջանի համար եւ ապա՝ Արցախում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմի համար։ Հետեւանքները իհարկե բավական անկանխատեսելի զարգացումներ կարող են ունենալ։

• Այլ է հարցը, թե Արայիկ Հարությունյանը ինչու է օրինակ մինչեւ 2022 թվականի մարտի մեկը արգելել ՏԻՄ ընտրությունների անցկացումը։ Օրինակ դրանք կարող էին արգելվել մինչեւ 2026 թվականը կամ 2030 թվականը։ Այսինքն՝ ինչ բան է փոխվելու 2022-ի ենթադենք փետրվարի քսանութին, կամ մարտի մեկին, որ ասենք մարտի երկուսին ընտրություններ անցկացնելը կարելի է։